Եղվարդում քննարկումները թեժ են
«Դուք անընդհատ կռիվ եք սարքում»,-վրդովված պատասխանեց Սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի կողմնակից Հրանտ Բագրատյանը, երբ դաշնակցական Արծվիկ Մինասյանը նրանից պահանջեց ներողություն խնդրել՝ Իտալիայում ընտրությունների երկրորդ փուլ լինելու վերաբերյալ հայտարարության համար:
«Պարոն Բագրատյան, Իտալիայում գործում է Ընտրական օրենսգիրքը, որը նախատեսում է ընտրությունների երկերոդ փուլ»,-ասաց Մինասյանը:
Մի քանի րոպե տևած բանավեճին խառնվեցին «այո»-ի և «ոչ»-ի մյուս կողմնակիցները՝ Հրայր Թովմասյանը, Կարինե Աճեմյանը, Արման Սաղաթելյանը, Ազատ Արշակյանը, Եղվարդի բնակիչներից Հայկազը: Բանը հասավ նրան, որ հաղորդավարը հնչյունային օպերատորի օգնությունը խնդրեց:
Մինչ այդ պատգամավորները հասցրել էին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել: Եղվարդցիների ներկայությամբ ընթացող բանավեճի ժամանակ Մինասյանը Բագրատյանի՝ Սահմանադրությունն անմիջապես ուժի մտնելու անհրաժեշտության մասին հայտարարությունն անպատասխանատու որակեց, Բագրատյանն էլ Մինասյանին ասաց՝ ընդդիմություն չէ:
Այստեղ միջամտեց Հայկազ անունով բնակիչը. «Պարոն Մինասյան, ինչի՞ եք վիրավորվում, մի հատ դուրս եկեք ժողովրդի մեջ, ձեզ կասեն, դուք ընդդիմություն եք: Ոչ էն եք, ոչ էլ՝ էն: Մենք չենք հասկանում դուք ով եք»:
Մի քանի րոպե տևած վիճաբանությունը հանդարտվելուց հետո խոսքը տվեցին «Ոչ»-ի կողմնակիցներից Ազատ Արշակյանին:
Նա ասաց այնքան է կարդացել ձեռքին եղած նախագիծը, որ այն մաշվել է. «Նախագծի 7-րդ հոդվածն ասում է. «Ընտրական իրավունքի սկզբունքները. Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»:
Ազատ Արշակյանի ներկայացմամբ, դա ենթադրում է, որ էլ Հայաստանում էլ չեն լինելու նախագահի, գյուղապետի, համայնքապետի ընտրություններ:
«181 հոդվածում գրված է, որ եթե լավ չեք հասկացել ու ուզում եք ուղղակի ընտրություն անցկացնեք, կարդացեք 7-րդ հոդվածը, 181-ը բաց արեք, ես արդեն անգիր եմ արել: Հիմա ինչի եմ բարձրաձայն խոսում, վրդովում, խայտառակ ասում, ու ավելի վատ բաներ ասում այս նախագծին»,-ասաց Արշակյանը:
Արծվիկ Մինասյանը փորձեց լրացումներ անել, սակայն Արշակյանը վրա բերեց. «Գլյուշիտելը անջատեք, դուք առանց էդ էլ հյուր եք»:
«Ես թույլ չեմ տա, որ իրավական տգիտությունը իշխի, չի´ կարելի»,-զայրացավ Արծվիկ Մինասյանը:
«Հանգստացեք, այ տղա»,-վեճին խառնվեց Բագրատյանը:
Ազատ Արշակյանին ի վերջո հնարավորություն տրվեց գնահատական տալ. «Սահմանադրության նախագիծ, որտեղ ժողովրդին զրկում են ընտրելու գոյություն ունեցող իրավունքներից, այսինքն իմ հայրենիքը զրկում են դեմոկրատիայից, ես իրենց ամեն ինչ իրավունք ունեմ ասելու, որովհետև այս սահմանադրությունով նրանք իմ ժողովրդին վերադարձնում են 19-րդ դար»:
Նշենք, որ նախագծի 181 հոդվածում գրված է.
«Հոդված 181. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Համայնքի ղեկավարի ուղղակի ընտրության դեպքում կիրառվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված ընտրական իրավունքի սկզբունքները:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով»:
Վիճաբանության մանրամասներն ու շարունակությունը՝ տեսանյութում.
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան