Եթե ղարաբաղյան հիմնահարցում սրացում լինի Թուրքիայի նախաձեռնությամբ, կլինի ՌԴ լիակատար աջակցություն ԼՂ բանակին. Ա.Արզումանյան
Ռուս-թուրքական տաք բախումը մեծ ռիսկ է ոչ միայն Թուրքիայի, ՌԴ-ի համար, այլև՝ ամբողջ աշխարհի համար, հատկապես ասիական, եվրոպական մայրցամաքների: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Ածանցյալ էֆեկտներն ինչպիսի՞ն կարող են լինել: Չեմ կարծում, որ լարվածության ածանցյալ էֆեկտներն ուղիղ կանդրադառնան ղարաբաղյան խնդրի հարցում իրավիճակի փոփոխության: Իրավիճակի փոփոխություն ասելով՝ նկատի ունեմ, որ բանակցություններից պատերազմական իրավիճակի անցում, իրավիճակի այլ փոփոխություն լինել չի կարող»,- ասաց նա:
Ըստ Ա.Զաքարյանի իրավիճակի փոփոխություն հնարավոր կլինի միայն մի դեպքում, երբ ռուս-թուրքական ռազմական բախման արդյունքում կրտսեր Ալիևն իր վերջին շանսը տեսնելով օգտվի ստեղծված իրավիճակից՝ փորձելով իր և իր ժողովրդի ճակատագիրը: Նրա խոսքով, նման պարագայում տարածաշրջանում ավելի շատ խնդիրներ կառաջանան:
Քննարկման մասնակիցներից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին մշտապես վտանգ սպառնում է, երբ իրավիճակը սրվում է ՌԴ նախաձեռնությամբ:
«Եթե լինի սրացում Թուրքիայի նախաձեռնությամբ, նշանակում է Ռուսաստանի լիակատար աջակցության Լեռնային Ղարաբաղի բանակի համար: Այնպես որ, այդ առումով ոչ միայն շատ վտանգավոր չէ, այլ նաև շատ ապահով է: Այսինքն՝ եթե Ռուսաստանն է հրահրում, վտանգ կա, եթե Թուրքիան փորձի սրել իրավիճակը, կարող է հարցի ավելի արագ լուծումներ գտնել»,- ասաց նա: