Լավրով. Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ձևաչափով համագործակցությանը
Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքների վերսկսմանը և այդ ձևաչափով համագործակցությանը: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես հաղորդվում է, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը թե խորհրդի և թե մեկ այլ ձևաչափով: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, խորհրդի աշխատանքները դադարեցվել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, երբ 2008 թ-ին Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սաակաշվիլին «ագրեսիա իրականացրեց Հարավային Օսեթիայի դեմ»:
«Եթե հիմա պարոն Ստոլտենբերգին թույլ են տվել նման նախաձեռնությամբ հանդես գալ, ապա կհավաքվենք, կդիտարկենք, կլսենք, թե ՆԱՏՕ-ական գործընկերները ինչ են ուզում մեզ ասել: Մեզ մոտ ՆԱՏՕ-ին ուղղվելիք շատ հարցեր են կուտակվել, այդ թվում նաև այն մասին, թե ինչպես են խախտվում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այնպես որ խոսելու բան մենք ունենք»,- ասել է Լավրովը:
Վերջինս ընդգծել է, որ ամենակարևորը համագործակցության մեջ կարևորագույն սկզբունքին հետևելն է, համաձայն որի, Եվրաատլանտյան տարածաշրջանում ոչ ոք չպետք է ամրապնդի իր դիրքերը մյուսների անվտանգության հաշվին:
Ավելի վաղ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում համագործակցությունը վերականգնելու և Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու նախաձեռնության մասին հայտնել էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան