ՀՀԿ-ական պատգամավոր. Գործող Սահմանադրությունը իդեալական պայմաններ է ստեղծում իշխանության վերարտադրության համար
Խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն կտա լուծել քաղաքական համակարգում առկա մի շարք խնդիրներ, իրականացնել անցնցում իշխանափոխություն, ապահովել քաղաքական, տնտեսական զարգացումների ավելի մեծ դինամիկա, ունենալ ընտրական համակագ, որը զերծ է մեծամասնական բաղադրիչից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Գործող Սահմանադրությունն իդեալական պայմաններ է ստեղծում իշխանության վերարտադրության համար, ինչը հանգեցնում է ցնցումների: Առաջարկվող տարբերակը հնարավորություն է ընձեռում երկրում իրականացնել անցնցում իշխանափոխություն»,- նշեց նա:
Գ. Մինասյանը կարևորեց սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկվող կառավարման խորհրդարանական համակարգը. «Այսօրվա գործող կիսանախագահական համակագը, որը իրավացիորեն քննադատվում է մեր ընդդիմախոսների կողմից, կաշկանդում է ընդդիմության որևէ առաջընթաց, ընդդիմության դերակատարումը չափազանց փոքր է: Նման պայմանները չափազանց բարենպաստ են իշխող քաղաքական ուժերի վերարտադրության համար: Գործող համակարգը քաղաքական, տնտեսական զարգացումների համար չափազանց նվազ հնարավորություն է թողնում:
Գործող կառավարման համակարգի դեպքում այլընտրանքն այն է, որ նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են: Սա առավել վատ սցենար է, խայտառակություն է, քանի որ երկրի համար կարևորագույն հարցերի դեպքում շատ հնարավոր է, որ առաջնային մանդատ ունեցող երկու ուժերը՝ նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը, այլ քաղաքական պատկերացումներ ունենան:Այս երկու տարբերակներից, որքան էլ առաջինը վատը լինի, որևէ խոհեմ մարդ երկրորդը չի ընտրի»:
Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, Գ. Մինասյանն ասաց, որ իրազեկման մակարդակն աննախադեպ է՝ բանավեճեր, հեռուստառադիո հաղորդումներ: Միաժամանակ նա նշեց, որ չնայած այս ամենին, քաղաքացիների մեծամասնությունը տեղեկացված չէ, սակայն դա միայն հայաստանյան իրողությունը չէ:
«Դա իրողություն է բոլոր այն երկրներում, որտեղ սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, այդ թվում նաև եվրոպական ամենազարգացած երկրներում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան