Նարդարանի զոհերի դիակները չեն տվել հարազատներին
Նոյեմբերի 26-ին Նարդարանում ադրբեջանական իշխանությունների կողմից սպանվածների հարազատները հայտարարել են, որ ցայժմ իշխանություններն իրենց չեն տվել զոհվածների դիակները, իսկ անվտանգության ծառայությունը, հավանաբար, արդեն իսկ ծածուկ կերպով կազմակերպել է նրանց հուղարկավորությունը: Այդ մասին հաղորդում է իրանական «News.irib.ir» կայքը՝ վկայակոչելով Նարդարանի գյուղական համայնքի ավագանու խորհրդի նախագահ Նաթեղ Քարիմովի խոսքերը:
Ն. Քարիմովը նաև հայտնել է այն մասին, որ Բաքվի իշխանությունների կողմից բռնաճնշումները շարունակվում են, Նարդարանում չկա կապի որևէ միջոց, էլեկտրաէներգիա, գազ և նույնիսկ ջուր: Ձերբակալվածների թիվը 19-ն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ոստիկանությունը հարձակում է իրականացրել Նարդարան բնակավայրի մզկիթում աղոթող շիա հավատացյալների վրա: Բախումների հետևանքով զոհվել է Նարդարանի 5 բնակիչ և 2 ոստիկան: