Խաչատրյանի միջազգային փառատոնը եզրափակվելու է «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագծով
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգին՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագիծը։ Առաջին անգամ Երիտասարդական նվագախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային գործիքավորմամբ կներկայացնեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգը նվիրված է հայտնի դաշնակահար Լևոն Մալխասյանի 70-ամյակին։ Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես կգան Լևոն Մալխասյանը (դաշնամուր), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Ծրագրում կհնչեն Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների հատվածների և «Դիմակահանդես» դրամայի երաժշտության ջազային մշակումները։ Մշակումները կատարել են ավագ և երիտասարդ սերնդի հայ կոմպոզիտորները, ովքեր աշխատել են հնարավորինս մոտ մնալ ստեղծագործությունների բնօրինակին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը խոսելով փառատոնի մասին, նշեց, որ այն կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում. «Այն ունի նաև միջազգային մեծ նշանակություն, քանի որ համաշխարհային անուն համարվող Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին շատ անվանի երաժիշտներ անդրադառնում են հենց այս փառատոնի նպատակով։ Մեր նպատակն է ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ տարածել Արամ Խաչատրյան անունը։ Եվ ամեն տարի Խաչատրյանի անվան փառատոնը թարմացնում են և այն դարձնում ավելի հետաքրքիր, բազմաժանր ու բազմաբնույթ»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով, փառատոնն անցկացվել է միջազգային բարձր չափանիշներով, փառատոնի շրջանակներում ներկայացնում են լավագույն մենակատարներին, որոնք հիացած են մեկնում Հայաստանից:
«Կայացած փառատոնի շուրջը ստեղծել ենք մի մթնոլորտ, որը ոգևորում է ոչ միայն հայազգի երաժիշտներին»,- նշեց նա:
Անդրադառնալով «Խաչատրյանը և ջազը» նախագծին՝ Երիտասարդական նվագախմբի ղեկավարը նշեց, որ այն չի կարող շարունակություն չունենալ ու չներկայացվել մարզերում և դրսում։
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Արմեն Հյուսնունցի խոսքով, Խաչատրյանի գործերը ջազային մշակմամբ ներկայացնելու գաղափարն իր մեջ գայթակղություն ունի. «Բոլորին ծանոթ երաժշտությունը կներկայացվի ջազային գործիքավորմամբ, բայց առաջին դեպքը չէ, երբ ջազ երաժիշտներն անդրադառնում են դասականների ստեղծագործություններին: Ջազմենի համար մեծ գայթակղություն է գործ ունենալ Խաչատրյանի ստեղծագործությունների հետ, քանի որ Խաչատրյանը բացառիկ ազգային երաժշտություն է»:
Դաշնակահար Վահագն Հայրապետյանն էլ ընդգծեց, որ Արամ Խաչատրյանն ինքը ժամանակին նպաստել է հայկական ջազի կայացմանը։ Բացի այդ, համաշխարհային ջազի ներկայացուցիչները խորապես ուսումնասիրում են Խաչատրյանի երաժշտությունը։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ և կամերայինը՝ չորեքշաբթի օրերին: Փառատոնի շրջանակներում հնչել են բազմաթիվ պրեմիերաներ, կատարվել են 6 համաշխարհային, մեծաթիվ հայաստանյան պրեմիերաներ։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ
- Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
- Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան