Սերժ Սարգսյան. Գործող Սահմանադրությունը տնտեսական զարգացման խոչընդոտներ է պարունակում
Հայաստանի գործող սահմանադրական կարգավորումներում գոյություն ունեն խոչընդոտներ նաև տնտեսական զարգացման առումով: Հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել Սերժ Սարգսյանը՝ վկայակոչելով գործող Սահմանադրության 55-րդ հոդվածը, որտեղ երկրի տնտեսության հետ կապված որևէ լիազորություն վերապահված չէ հանրապետության նախագահին:
«Այսինքն` Հայաստանի Հանրապետության Նախագահն ի պաշտոնե պատասխանատու չէ տնտեսական իրավիճակի համար: Բայց, քանի որ Հանրապետության Նախագահն այսօր ներկայացնում է նույն ուժը, ինչ ներկայացնում է կառավարությունը, ամբողջ պատասխանատվությունը գալիս է Հանրապետության Նախագահի վրա»,- նշել է Սերժ Սարգսյանն ու օրինակներ բերել. «Նաիրիտի բանվորներն ինչու՞ են գալիս Բաղրամյան և պահանջում աշխատավարձ: Եվ այն հարցին թե՝ ինչու՞ եք եկել այստեղ, նրանք ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք և գիտենք, որ ամեն ինչի համար պատասխանատու է Հանրապետության Նախագահը: Նույնը՝ հոսանքի սակագնի հետ կապված: Ու՞ր գնացին այդ մարդիկ: Որտե՞ղ էին իրենց բողոքն արտահայտում: Եվ այս հանգամանքը, որ իրականության հետ որոշակի առնչություններ ունի, մի տեսակ, չգիտեմ ճիշտ բառն եմ օգտագործում թե ոչ, լղոզում է տնտեսական մարմինների կամ տնտեսությամբ զբաղվող մարմինների պատասխանատվությունը: Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել»:
Մեկ այլ օրինակ էլ հանրապետության ղեկավարը բերել է արդարադատության ոլորտից. «Ես կարծում եմ, որ ձեզնից որևէ մեկը չի ժխտի, որ մեր հանրության մեջ տարածված կարծիք կա, թե բոլոր դատավճիռներն անցնում են Բաղրամյան 26-ով՝ մինչ դատարանում հրապարակելը: Ինչու՞ է այսպիսի կարծիք ձևավորվել: Շատ պարզ պատճառով՝ բոլոր դատավորներին նշանակում է Հանրապետության Նախագահը: Եվ երբ դատավորները, չեմ ասում բոլոր, որոշ դատավորներ կատարում են իրենց «սև գործը», ապա կատարում են այսպես՝ ցույց տալով Նախագահի նկարը: Մարդիկ էլ հասկանում են, որովհետև Հայաստանում անհնար է հավատալ, որ եթե դու մեկին նշանակում ես, ապա այդ մեկը քո ասածներով չի ղեկավարվում: Այսինքն, մենք այստեղ գործ ունենք դատական համակարգի ներքին ու արտաքին անկախության հետ, և առաջարկվող տարբերակով մասնագետների ճնշող մեծամասնության կարծիքով, այս խնդիրն էլ է լուծվում»:
Նախագահը նշել է, որ այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող է մատնանշել, բայց ներկայացվածն էլ բավարար է, որպեսզի սահմանադրական փոփոխությունների գնալու իր դրդապատճառների մասին ճիշտ պատկերացում լինի:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություններին «դեմ» արտահայտվողների մոտիվները նախագահի համար ակնհայտ են
- Սերժ Սարգսյան. Եթե ընդդիմության լիազորությունները չընդլայնվեն, կունենանք լճացում
- Նախագահ. Հասարակական պահանջն արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով
- Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան