Նախագահ. Հասարակական պահանջն արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով
Հայաստանում սահմանaդրական փոփոխություններ իրականացնելու պահանջը ներկայացվել է «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների կողմից: Այս մասին հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասել է հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ իր կարծիքով հասարակական պահանջը ձևակերպում են քաղաքական ուժերը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնվեց հենց հիմա, հենց այս փուլում, արդյո՞ք կան խնդիրներ, որոնք լուծում է հանրապետության ղեկավարը՝ այս ամենը նախաձեռնելով, և արդյո՞ք կար այս ամենի հասարակական պահանջը՝ երկրի ղեկավարը նշել է. «Այդ հարցը, որպես հռետորական է հնչում՝ թե ինչու՞ հիմա: Իսկ եթե դա անեինք մի տարի առաջ կամ մի տարի հետո, այդ հարցը չէ՞ր հնչելու:
Սա՝ մեկ: Երկրորդ՝ ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հասարակական պահանջ և այդ հասարակական պահանջը ինչպե՞ս է չափվում: Այսինքն, եթե որևէ մեկին թվում է, թե 1995 թվականին կամ 2003-ին ու 2005-ին ժողովուրդը դուրս էր եկել փողոց և պահանջում էր Սահմանադրություն, ապա ասեք, որ ես ճիշտ չեմ: Հասարակական պահանջը, իմ կարծիքով, արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով: Իսկ մեր քաղաքական ուժերից ամենախոշորները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես դա էին պահանջում: Եթե չկա հասարակական պահանջ, ապա նրանք ինչո՞ւ էին ասում, եթե հիշում եք՝ նախագահական ընտրություններից հետո»:
Այնուհետև Սերժ Սարգսյանն անդրադարձել է դեռևս 2013թ. նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպմանը. «Ես ընդառաջ գնալով «Ժառանգության» ղեկավարի, այսպես ասած, պահանջներին՝ իրեն առաջարկեցի ստեղծել մի հանձնաժողով, որտեղ ինքը կնախագահի և կառաջարկի սահմանադրական բարեփոխումներ: Եթե չլիներ այդ պահանջը, ես ինչու՞ պետք է իրեն առաջարկեի: Իսկ ինչու՞ հիմա»:
Խոսելով բարեփոխումների անհրաժեշտության մասին` հանրապետության ղեկավարը նշել է, որ գործող սահմանադրական կարգավորումներում վտանգներ կան, և իր պարտքն է համարել առաջարկել՝ վերացնել դրանք:
«Անկախ նրանից, երբ էլ անեինք, այդ հարցը հնչելու էր, որովհետև աշխարհը սրընթաց փոխվում է, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր այլ է, որովհետև այսօր Հայաստանի ներքաղաքական տրամադրվածություններն էլ են այլ, և ես վտանգ եմ տեսնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում և իմ պարտքն եմ համարում այդ վտանգի մասին բարձրաձայնել: Չեմ կարող լուռ, հանգիստ մնալ և ասել` ես տեսնում եմ այս վտանգը, բայց քանի որ որոշ մարդիկ ասում են, որ ժամանակը չի կամ հասարակական պահանջ չկա, այդ պատճառով լուռ մնալ:
Ընդամենը առաջարկություն է, և ամսի 6-ին տեսնենք, եթե մեր ժողովրդին պետք է այս փոփոխությունը, ուրեմն, այլ ճանապարհով կգնանք. հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը: Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի, և ընդհանրապես, որևէ քվեարկություն ինձ համար այդպիսին չի եղել: Եթե հիշում եք, երկու նախագահական ընտրությունների ժամանակ էլ ասել եմ, որ սա կյանքի ու մահու պայքար չի, և ընտրություններին հաջորդելու են նոր օրեր: Նույնն էլ այստեղ: Բայց ես պարտավոր եմ ասել, պարտավոր եմ, որպես Նախագահ, որպես մարդ, ով իր կյանքի գրեթե կեսն անց է կացրել՝ ծառայելով մարմիններում, որոնք ապահովում են անվտանգությունը: Ես պարտավոր եմ: Թող որևէ մեկն ասի, որ մի մարդու մեջ կենտրոնացված է այդքան փորձ՝ անվտանգության մարմիններում աշխատելու, ներքին գործերի մարմիններում, անվտանգության խորհրդում, պետական կառավարման ամենաբարձր մարմիններում: Պարտավոր եմ: Սա է»,- ասել է Սերժ Սարգսյանն ու բերել մի շարք օրինակներ: