Հայաստանում նախատեսվում է ամբողջությամբ ներդնել բարոյական վնասի հատուցման ինստիտուտը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է ամբողջապես ներդնել բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախատեսել էին իրավունքների ոչ սպառիչ, ոչ ամբողջական ցանկ, որով հնարավոր էր պահանջել ոչ նյութական կամ բարոյական վնասի հատուցում: Մասնավորապես դրանք էին՝ կյանքի իրավունքը, խոշտանգման արգելքը, անձնական ազատության իրավունքի խախտումը և ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասը: Նախարարի խոսքով՝ այժմ ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքները։ Բացի այդ, նախատեսվում է կատարել ևս մի քանի կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են հատուցման չափերին. դրանք կավելացվեն և կհապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ բարոյական վնասի կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն ամբողջությամբ կներդրվի Հայաստանում:
Կարևորելով ներկայացված օրինագիծը՝ վարչապետը նշել է, որ ՀՀ քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի հատուցում պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես օրենքի, այնպես էլ դրա հիման վրա կառավարության որոշումների նախագծերում առաջարկվող փոփոխությունների առաջնային նպատակն է ապահովել ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կլուծվեն գործնականում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը և սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում