Մխիթարյանի գործակալը հայտարարել է պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցությունների մասին
Միայն Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը չէ նորովի ծաղկում այս մրցաշրջանում ու ցուցադրում իր լավագույն խաղը: Հաստատ նույնը պետք է ասվի նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին. դորտմունդյան «Բորուսիայի» ֆուտբոլիստը լավագույն մրցաշրջանն է անցկացնում իր կարիերայի գերմանական փուլում: Եվ միանգամայն տրամաբանական է, որ «Բորուսիայի» ղեկավարությունն անհրաժեշտ է համարում նրա հետ բանակցություններ վարել նոր պայմանագրի ստորագրման համար:
Մխիթարյանի գործակալը՝ Մինո Ռայոլան, հայտարարել է, որ բանակցությունները կկայանան մոտ ապագայում: Սակայն հայ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի Ամանորից հետո:
«Նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Հաջորդ ամիս «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կտեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա: Նա այն խաղացողը չէ, ով ակումբ է փնտրում հանուն երկրի կամ փողի: Իր որոշումը կայացնում է միայն այն հիմքի վրա, թե որտեղ կարող է ավելի լավ զարգացնել իր տաղանդը»,- ասել է Մինո Ռայոլան իտալական «Radio Sportiva»-ին տված հարցազրույցում:
Եվ «Բորուսիայում» այժմ Մխիթարյանի տաղանդը գերազանց է դրսևորվում: Հայ կիսապաշտպանն արդեն 13 գոլ է խփել ու 15 գոլային փոխանցում կատարել բոլոր մրցաշարերում: Բունդեսլիգայում նա խփել է 5 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում՝ զբաղեցնելով 6-րդ տեղն առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: 1,5 տարի հետո կավարտվի «Բորուսիայի» հետ նրա պայմանագրի ժամկետը: Հենց այդ պատճառով մինչև առաջիկա ամառը պետք է որոշվի՝ արդյոք Մխիթարյանը կերկարաձգի՞ պայմանագիրը «Բորուսիայի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան