Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Բնակիչների կողմից բարձրացվել է գումարային փոխհատուցման փոխարեն մայրաքաղաքի կենտրոնից դուրս գտնվող թաղամասերում բնակարանների տրամադրման վերաբերյալ կառուցապատողի առաջարկի, ինչպես նաև բնակարանների վարձակալության գումարի հատկացման, բնակարանների գումարի տեսքով փոխհատուցելու հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի միջոցների վարչությունից:
Զեկուցվել է, որ 16 բնակարան արդեն տրամադրվել է գինու գործարանին հարող տարածքի նորակառույց շենքից, ինչպես նաև ամբողջությամբ փոխհատուցվել է 11 ընտանիքի բնակարանների գումարը, ևս 24-ի փոխհատուցման տրամադրման հարցն ընթացքի մեջ է:
Վարչապետ Աբրահամյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բնակիչների հուզող խնդիրները գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում և որ կառավարությունն իր հնարավորության սահմաններում կփորձի հարցին որոշակի լուծում տալ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին հստակեցնել ցուցակները և հաջորդ շաբաթ ներկայացնել քննարկման: