Վրաստանը սկսել է Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու ընթացակարգը
Վրաստանի արդարադատության նախարարությունը դիմել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ երկրի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու առաջարկով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Արդարադատության նախարարը հայտարարել է, որ այդ հարցի վերաբերյալ նախարարության եզրակացությունն այսօր հանձնվել է նախագահի վարչակազմին:
Նա նշել է, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու ընթացակարգն արդեն սկսված է, վերջնական որոշումը պետք է ընդունի Վրաստանի նախագահը:
Նախարարի խոսքով, Սահակաշվիլին հնարավորություն ուներ մեկ ամսվա ընթացքում Վրաստանի իշխանություններին բացատրել Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելու պատճառները, սակայն նա դա չի արել:
Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսաուղերձում հայտարարել էր, որ, իր կարծիքով, Վրաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են իրեն զրկել իրենց քաղաքացիությունից, որպեսզի ինքը հնարավորություն չունեն մասնակցել երկրում տեղի ունենալիք ընտրություններին: