Նախագահը սահմանադրական փոփոխությունները արցախյան հիմնահարցի հետ կապելը հանիրավի հերյուրանք է որակել
Սահմանադրական փոփոխությունները արցախյան հիմնախնդրի հետ կապողներին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկ հարց ունի՝ այդոք Հայաստանի Սահմանադրությունը տարածվում է ԼՂՀ, այդ թվում՝ ազատագրված տարածքների վրա: Այս մասին երկրի ղեկավարը նշել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում:
Ի պատասխան այն դիտարկման, որ որոշ գործիչներ պնդում են, թե՝ Սահմանադրությունը փոխվում է, որպեսզի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնվեն ոչ թե մեկ ստորագրությամբ, այլ՝ քվեարկությամբ, և հարցի՝ թե արդյո՞ք գոնե տեսական հիմքեր կան նման մեղադրանքի համար, հանրապետության ղեկավարն արձագանքել է. «Ես իմ պետական գործունեության ընթացքում հազարավոր մեղադրանքներ եմ լսել իմ հասցեին, միգուցե, որոնց մի մասը իրական հիմքեր ունեին, մի մասը՝ ոչ: Դրա համար, ես չեմ զարմանում որևէ մեղադրանքի վրա: Ուղղակի, մի պարզ հարց եմ ուզում տալ՝ արդյո՞ք, մեր Սահմանադրությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Այդ ազատագրված տարածքներ ասածը մտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմ, չէ՞: Այսինքն, մեր Սահմանադրությունը տարածվում է այդտեղի վրա՞: Այսինքն, լուրջ մարդը, ես անկեղծորեն չգիտեմ, ո՞վ է այդպիսի բան հնչեցրել, ո՞նց կարող է այդպես մտածել»:
Անդրադառնալով նշված դրույթը փոփոխությունների նախագծում ամրագրելուն՝ երկրի ղեկավարը նշել է, որ դա մեր ունեցած պրակտիկայի հետևանք է: «Բոլորդ պետք է հիշեք, թե 2000թ. սկզբներին ինչու՞մ էին մեղադրում իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցությունների հետ կապված, հիշու՞մ եք՝ նույնիսկ հոկտեմբերի 27-ը կապում էին Մեղրին Ղարաբաղով փոխելու հետ»,- նշել է Սերժ Սարգսյանն ու շարունակել. «Դա գրել ենք Սահմանադրության մեջ, որպեսզի այդպիսի հանիրավի հերյուրանքները տարածում չգտնեն, որպեսզի որևէ մեկը չասի, որ այս իշխանությունները, այս ղարաբաղցիները ուզում են մեր Մեղրին տալ, իրենց Ղարաբաղը բերել Հայաստան: Անլուրջ է, չէ՞: Այսինքն, Հայաստանի որևէ ղեկավար, ինչպիսին էլ որ լինի, ո՞նց կարող է մտքով անցկացնի Հայաստանի որևէ մի մաս ինչ-որ մեկին տալու կամ փոխանակելու: Դա էլ սահմանային կարգավորման խնդիր չէ, որ, չգիտեմ, 100 մետր մի կողմից են քեզ տալիս, 100 մետր՝ այն մյուս կողմից: Ո՞նց կարող ես վերցնել ու այդ բնակավայրերը տալ ինչ-որ մեկին, նույնիսկ՝ ինչ-որ բանի հետ փոխելու ակնկալիքով: Դա տրամաբանական չէ, վերջիվերջո, բանական չէ: Բայց այդպիսի մտքեր հնչեցնում են այն մարդիկ, ովքեր ի վիճակի են իրենց ղեկավարության պարագաներում այդպիսի քայլի գնալու: Շատ հստակ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան