Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում տարեկան 12 -14 տոննա ոսկի կարտադրվի Հայաստանում
Հաջորդ տարի գարնանը կսկսվեն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի իրականացման համար ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության ֆինանսական ու ներդրումային խմբերը 325 մլն դոլարի ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել:
«Ծրագրի իրականացման համար երկու ֆինանսական խմբերի հետ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի, 325 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել։ Սրա արդյունքում երկու տարվա ընթացքում պետք է իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը»,-ասաց նա։
Կ.Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ ֆինանսական հատկացումներ են արվելու նաև Միջազգայյն ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման ու զարգացման բանկի կողմից: Ընդհանուր առմամբ, նախատեսված է իրականացնել 460-480 մլն դոլարի ներդրում, որի արդյունքում տարեկան 12 -14 տոննա ոսկի կարտադրվի Հայաստանում: Ըստ նախարարի՝ արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը Հայաստանում:
Հանքավայրի շինարարության մեջ զբաղված են լինելու մոտավորապես 1500 աշխատողներ:
Կ.Ճշմարիտյանի կանխատեսմամբ, առաջիկա օրերին արդեն ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
Նախարարը նշեց նաև, որ նախատեսվում է 60 մլն դոլարը ծախսել ոսկու և արծաթի մշակման ուղղությամբ, 80 մլն դոլար՝ զուտ տեխնոլոգիական հագեցման, 160 մլն դոլար՝ նոր տեխնոլոգիական հոսանքագծերի ու աղացների ձեռքբերման համար, որն էլ կապահովվի բավականին էֆեկտիվ ու վերջին տեխնոլոգիաներով արտադրության կազմակերպում։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ անդրադառնալով հանքավայրի շահագործմանն՝ ասաց, որ ծրագիրը 2016-2017թթ-ին տնտեսական ակտիվություն կբերի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան