Արտեմ Ասատրյան. Մեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի, որ մեր կողքին ապրում են սահմանափակ կարողություններով անձինք
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ.
«Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհը նշում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը: Այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը հիշի, որ մեր կողքին ապրում են սահմանափակ կարողություններով անձինք, ովքեր ունեն նույն իրավունքները, ինչ հասարակության յուրաքանչյուր անդամ և գիտակցի, որ միայն մատչելի միջավայրն ու իրավունքների իրացման հնարավորությունները կարող են հիմք հանդիսանալ հասարակության լիարժեք անդամ դառնալու համար:
Այսօր մեր երկրում իրենց սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրենց իրավունքերն իրացնելու ճանապարհին սահմանափակ կարողություններով անձինք հաճախ են բախվում խոչընդոտների, և սա ազդակ է գիտակցելու, որ ոլորտում դեռ անելիքներ կան: Այս խնդիրն ամրագրված է կառավարության ծրագրում որպես գերակայություն, և մեր պետությունը հետևողականորեն աշխատում է խտրականության դրսևորումներն ու հասարակության մեջ յուրաքանչյուրի լիարժեք ներգրավումն ապահովելու ուղղությամբ:
Զբաղվածության ապահովումը հասարակության մեջ լիարժեք ներառման լավագույն և կարճ ուղին է և առաջնորդվելով այդ սկզբունքով՝ պետության կողմից նախաձեռնվել են ծրագրեր, որոնք փորձում են աջակցել և կանգնել հաշմանդամություն ունեցող անձանց կողքին: Քվոտայի պարտադիր կիրառման պահանջը պետական և մասնավոր կառույցներում, զբաղվածության պետական ծրագրերն այսօր ձեռք են մեկնում հաշմանդամություն ունեցող անձանց և ապահովում նրանց զբաղվածությունը:
Խնդրի լուծման հարցում էական ձեռբերում կլինի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի ընդունումը, որի նախագծի մշակմանը մասնակցել են նաև հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրենքի նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսում է նոր քաղաքականության ներդրում, որն առաջին հերթին ուղղված է լինելու հավասար հնարավորությունների, մատչելի միջավայրի ստեղծմանը:
Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ պատկան մարմիններին, մեր համաքաղաքացիներին հորդորում եմ հետամուտ լինել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Պետք է հիշել, որ անգամ ամենալավ օրենսդրության ու ծրագրերի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարող են իրացվել միայն, եթե հասարակությունն ու յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերի սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ:
Հաշմանդամություն ունեցող անձը պետք է ապրի հավասար՝ հավասարների մեջ»: