Փոփոխություններին «դեմ» արտահայտվողների մոտիվները նախագահի համար ակնհայտ են
Նախագահ Սերժ Սարգսյանի համար ակնհայտ է, թե ինչու են որոշ շրջանակներ և մարդիկ ընդդիմանում սահմանադրական փոփոխություններին: Այդ մասին նա խոսել է հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չնայած փոփոխություններով նախատեսվող հնարավորություններին, որոնք ենթադրում են ընդդիմության համար ավելի լայն լիազորություններ ու իրավունքներ, որոշ շրջանակներ ընդդիմանում են դրանց՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Ակնհայտ է, և մի քանի խմբերի կարելի է բաժանել այդ մարդկանց»:
Նրա խոսքով՝ առաջին խումբն այն մարդիկ են, ովքեր վստահ են, որ իրենք ի վիճակի չեն ձևավորել քաղաքական ուժ և այդ քաղաքական ուժով ստանալ քվեների մեծ քանակ, խորհրդարանում ունենալ մեծամասնություն և ձևավորել կառավարություն. «Բայց քանի որ այդ մարդիկ համարում են, և շատ դեպքերում դա իրականություն է, որ իրենք խարիզմատիկ մարդիկ են, որպես անհատականություն, իրենց հաջողության հասնելու ճանապարհն իրենք տեսնում են նախագահական ընտրությունների միջոցով: Սա մի խումբ մարդիկ են, ովքեր կատեգորիկ դեմ են, և իրենց դեմ լինելը արտահայտել են մինչև նույնիսկ բարեփոխումների կամ սահմանադրական փոփոխությունների հրապարակումը: Այսինքն` իրենց համար միևնույն է, թե ի՞նչ է այնտեղ գրված, միայն թե՝ խորհրդարանական համակարգ չլինի»:
Երկրորդ խմբում, ըստ նախագահ Սարգսյանի, մարդիկ են, ովքեր «ուղղակի դեմ են իշխանությունների կողմից ցանկացած լավ կամ վատ առաջարկության: Ուղղակի համարում են, որ եթե իշխանություններն են առաջարկում, ապա սրա հետևում անպայման ինչ-որ բան կա»:
«Կան երրորդ խումբ մարդիկ, ովքեր դժգոհ են որոշակի իրավիճակներից և իրենց դժգոհությունն արտահայտում են «ոչ»-ի միջոցով»,- ասել է Սերժ Սարգսյանն ու նշել, որ կարելի է ավելի մանրամասնել, բայց իր մոտեցումներն, ընդհանուր առմամբ, ընկալելու համար շարադրվածը բավարար է:
Նախագահը մեկ այլ օրինակ էլ է բերել. «Եթե հիշում եք, այս տարվա մայիսին «Ժառանգության» ներկայացուցիչներից մեկն օրենքի նախագիծ բերեց Ազգային ժողով, որով մենք պետք է Թուրքիայից պահանջենք Արևմտյան Հայաստանի տարածքները: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային: Նույն բանն է տեղի ունենալու»:
Ստեղծված իրավիճակում, ըստ Սերժ Սարգսյանի, նախագահը ոչինչ անել չի կարող. «Կամ էլ պետք է ղեկավարվեմ պարոն Արամ Աբրահամյանի վերջին հեռուստազրուցակիցներից մեկի առաջարկով, այսինքն՝ իրավապահ մարմինների միջոցով ճնշեմ կառավարությանը կամ Վարչապետին: Բայց դա անընդունելի բան է»,- նշել է նա:
Շարունակելով նախագահը նշել է. «Մյուսը՝ եթե հիշում եք, այդ կուսակցության հաջորդ դրույթն այն է, որ պետք է հարկերը կրճատել և աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: Իսկ մենք որտե՞ղ ունենք փող: Մենք փող ունենք միայն բյուջեում, որը համալրվում է միայն ու միայն հարկերով, և այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային, և պատասխանատվությունը այդ դեպքում ու՞մ վրա: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա տրամաբանակա՞ն է: Անտրամաբանական է, հասկանու՞մ եք: Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ նա նստի իր նստավայրում կամ գնա պաշտպանության նախարարություն, բացի քարտեզներն ու ասի՝ առաջին բանակային կորպուսը պետք է աջից հարձակվի, երկրորդ բանակային կորպուսը՝ ձախից և այլն: Դրա համար մենք ունենք զինվորականներ, ունենք մասնագետներ, կա գլխավոր շտաբ և գլխավոր շտաբի գործառույթն է դա: Հանրապետության Նախագահի, այսինքն` Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն է՝ մոբիլիզացնել երկրի ողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիր լուծելու նպատակով, այն է` չեզոքացնել Հանրապետությանը սպառնացող վտանգը: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը, եթե միայն համակարգում է, ապա ինչպե՞ս դա պետք է կազմակերպի: Այո՛, եթե կառավարությունը, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը և Հանրապետության Նախագահը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, խնդիր չի առաջանում, որովհետև բացի Սահմանադրությունից գոյություն ունի նաև կուսակցական կանոնադրություն, գոյություն ունեն կուսակցական լծակներ, և այդ հարցը կարելի է լուծել: Եվ բացի դրանից, եթե դու նույն քաղաքական ուժի ներկայացուցիչն ես, ապա ունես նույն ծրագրային դրույթները, նույն նպատակները, և այլն: Բայց, եթե տարբեր քաղաքական ուժեր են, այս հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի. առճակատմամբ: Այսինքն` մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում: Ո՞նց եք դա պատկերացնում: Սա իրական սպառնալիք է մեր անվտանգությանը: Ուզում եմ, որպեսզի այդ սպառնալիքը չեզոքանա, ուզում եմ, որպեսզի պատասխանատվությունը լինի այնտեղ, որտեղ իրավունքներն են»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Եթե ընդդիմության լիազորությունները չընդլայնվեն, կունենանք լճացում
- Նախագահ. Հասարակական պահանջն արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով
- Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան