Ոստիկանությունն արձագանքել է հանրահավքի մասնակիցների հայտարարություններին
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի.
«Դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում հայտարարություն է հնչեցվել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին: Ըստ հնչեցված մեկ այլ հայտարարության՝ Ազատության հրապարակին հարող տարածքում կայանված և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասվել է անհայտ անձանց կողմից՝ այդ վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների դրսևորած անգործության պայմաններում:
ՀՀ ոստիկանությունը գտնում է, որ նշված հայտարարությունների մեջ տեղ գտած փաստերն ուղղակիորեն առնչվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ գործողություններին կամ անգործությանը, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ունեն որոշակի հանգամանքներին վերաբերող կոնկրետության այնպիսի աստիճան, որը թույլ է տալիս դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ:
Հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի լիարժեք իրականացման կարևորությունը, ինչպես նաև նկատի ունենալով հայտարարությունների մեջ հնչեցված փաստերի կապակցությամբ անկախ և անկողմնակալ քննություն կատարելու հարցում ՀՀ ոստիկանության առաջնահերթ շահագրգռվածությունը, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես դիմելու է ՀՀ դատախազությանը պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում քննություն նախաձեռնելու խնդրանքով:
Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կոչ է անում համապատասխան հայտարարությունները տարածող անձանց համագործակցել քննություն իրականացնող իրավասու մարմինների հետ:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ նույն կերպ է գործելու նաև համանման այլ դեպքերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան