Փոխնախարար. Ռուս գործարարներն այս օրերին լուրջ հետաքրքրված են հայկական գյուղմթերքներով
Հայաստանն ունի բավականին մեծ քանակությամբ խաղողի սեղանի սորտեր, խնձոր, սեղանի ճակնդեղ, կարտոֆիլ ծաղկակաղամբ ու այլ գյուղմթերքներ:
«Սառնարաններում մեծ քանակությամբ խաղող կա դրված: Այսօր էլ արտահանում իրականացվում է: Օրական Հայասատանից միջին հաշվով արտահանվում է 100 տոննա խաղող, 40-60 տոննա խնձոր»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով, հանրապետությունում գյուղմթերքի առկա լուրջ քանակությունը հնարավորություն է տալիս եռապատկել ու քառապատկել արտահանման ծավալները:
«Արդեն այսօրվա դրությամբ այս տարվա ընթացքում Հայաստանից 1500 տոննա խնձոր է արտահանվել, մինչդեռ նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանված խնձորի քանակությունը 29 տոննա էր»,-ասաց փոխնախարարը:
Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում մեծ քանակությամբ ծաղկակաղամբ ու կաղամբ կա, այս տարի հանրապետությունից այս բանջարեղենից արտահանվել է 10 հազար տոննա:
«Հիմա լուրջ քանակություն կա և մատչելի գներով առաջարկում են մեզ գյուղացիական տնտեսությունները»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով, ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արտահանմամբ այս պահին լուրջ հետաքրքրված են ռուսական ընկերություններ ու գործարարներ. «Զանգում են, այցելում են հանրապետություն, ճշտում են քանակությունները, արտահանման հնարավորությունները, լուրջ հետաքրքություն կա հիմա»:
Հայկական գյուղմթերքը, կաթ-կաթնամթերն ու մսամթերքը ռուսական շուկա հասցնելու հարցը քննարկվել է նաև կառավարության ղեկավարի հետ. «Արտահանումներով զբաղվող առանձին խոշոր ընկերությունների ներկայացուցիչների, տնտեսվարողների հետ հանդիպումներ են եղել: Առաջարկվել է մշակել կարճաժամկետ միջոցառումների ծրագիր, դա վերաբերում է նախատոնական առևտրի շրջանում արտահանման ծավալների ավելացմանը: Առաջարկվեց նաև երկարաժամկետ գործողությունների ծրագիր մշակել, որի նպատակն է հենց այսօրվանից սկսած համոգրծակցել արտադրողների ու գյուղացիական տնտեսությունների հետ, պայմանգրեր կնքել նախապես, որպեսզի գյուղացին վստահ լինի, որ իր աճեցրած բերքը իրացվելու է: Թե չէ ստացվում է այնպես, որ երբ գյուղացին ունի պատրաստի արտադրանքը, միայն այդ ժամանակ են իրեն արտահանողները մոտենում»:
Նախարարության պաշտոնյան համարում է, որ սա կայուն արտադրության ապահովման համար լավագույն երևաշխիքը կլինի: Ռուսական շուկայում թուրքական գյուղմթերքի բացակայությունը կամ կրճատումը, ըստ պաշտոնյայի, լայն հնարավորություն է ստեղծելու հայկականի համար. «Մեր պտուղ բանջարեղենի որոշ տեսակներ գնային առումով մրցունակ չեն թուրքականի նկատմամբ, համային որակական հատկանիշներով միանշանակ գերազանցում են, բայց գնային առումով մենք զիջում ենք, քանի որ այնտեղ ավելի ցածր ինքնարժեքով է արտադրվում մթերքը, հետևաբար ռուսական շուկայում այն ավելի ցածր գնով է վաճառվում ու ավելի մեծ ծավալներով: Հիմա այս մենք հայտնվում ենք շահեկան պայմաններում»:
Գ. Պետրոսյանը կարևորում է, որ թուրքական բեռնատարների մուտքը սահմանափակելու պարագայում Լարսի անցակետում հայկական մեքենաների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու. «Շատ արագ կարող են սահմանը հատել և կրկնակի, եռակի արդյունավետ փոխադրումներ կատարել: Սա մեր արտահանողների համար բարենպաստ պայման է»:
Փոխնախարարը չի կիսում այն մտավախությունը, որ հայկական համեղ գյուղմթերքն ամբողջությամբ կտանեն ռուսաստանցիներին, իսկ հայաստանցիները կմնան թուրքերի աճեցրած գյուղմթերքի հույսին. «Որևէ մեկը թող մտավախություն չունենա, որ հայաստանյան շուկան կարող է միանգամից դատարկվել: Ինչո՞ւ: Արտահանման համար միշտ ընտրում են այն մթերքը, որը ենթակա է փոխադրման, կարող է երկար ժամանակ ճանապարհ անցնել: Այստեղ էլ շուկայում դուք կարող եք գտնել ընտիր ու ամենաընտիր տեղական միրգը: Ինչքան էլ ուզում է արտահանենք, մենք ներքին սպառման համար որոշակի քանակություն ունենալու ենք»:
Ինչ վերաբերում է թուրքական գյուղմթերքի ներկրմանը, ապա Պետրոսյանի խոսքով, եթե հանկարծ խնդիրներ առաջանան, ապա արագ քննարկումներ կլինեն ու լուծումներ կտրվեն:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ գյուղմթերք ունի հայկական կողմը ՌԴ արտահանելու համար
- Տնտեսագետ. Հայաստանը պետք է շատ արագ կողմնորոշվի ու ռուս-թուրքական հարաբերություններից տնտեսական օգուտներ քաղի
- Նույնիսկ արգելքից հետո հայկականը չի կարող փոխարինել թուրքական ապրանքներին՝ դեպի Ռուսաստան
- Հայտնի է, Թուրքիայից որ մթերքների ներմուծումը կարգելվի ՌԴ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան