Ռոբոտների կորպորացիան և Ամերիաբանկը ներկայացնում են աշխարհի լավագույն ռոբոտներին Երևանում
Առաջին անգամ տարածաշրջանում տեղի կունենա յուրահատուկ ցուցահանդես` աշխարհի ամենահայտնի ռոբոտների մասնակցությամբ: «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) անվանումը կրող նախագիծը Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:
«Ամերիաբանկ» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ: Այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում և Եկատերինբուրգում` ունենալով գլխապտույտ հաջողություն:
«Եվ ահա առաջին անգամ այս հրաշալի ցուցահանդեսը կհյուրընկալվի Երևանում, ս.թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 և 2016թ. հունվարի 1): Ցուցահանդեսը անցկացվելու է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200դր. աշխատանքային օրերին և 3300դր. ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն 2900դր. և 3900դր.: Կլինի նաև հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար»,-ասվածէ հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, Երևանում կազմակերպվող ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով: Կներկայացվեն ռոբոտներ, որոնք լիովին արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը և ռոբոտների ուսուցման համակարգերը: Նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի և դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների և այլ հարցերում: Այցելուները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր ռոբոտի հետ, նրանց հետ շփվել, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:
Ցուցահանդեսում կներկայացվեն տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:
Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:
Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման Տեսպիան հանրահայտ ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից և էմոցիոնալ ռոբոտներից մեկն է: Ռոբոտը կարողանում է ոչ միայն շփվել մարդկանց հետ, ընդօրինակել շարժումները, երգել, պարել, ծիծաղել, լաց լինել, անգամ կարդալ Շեքսպիր, որի շնորհիվ շատ անգամ մասնակցել է ժամանակակից թատերական ներկայացումներին: Նա նույնիսկ 2014թ. CelBit ցուցահանդեսի հանդիսավոր արարողության բացմանը հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնի հետ:
Երևանում կհյուրընկալվեն նաև Պարո ճապոնական ռոբոտը, որը թույլ է տալիս հիվանդանոցներում և ծերանոցներում կենդանիների օգնությամբ կիրառել թերապիայի առավելությունները` ի օգուտ մարդկանց, ամերիկյան Բակսթեր ռոբոտը, որը կարողանում է կատարել պարզ արդյունաբերական առաջադրանքներ, ուկրաինական մատուցող ռոբոտ Յոշան, Հարավային Կորեայից Ռոբոֆուտբոլը և մի շարք այլ հետաքրիր ու տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով ռոբոտներ:
Կարևորելով ցուցահանդեսի դերը հայաստանյան հանրության կյանքում` ցուցահանդեսի կազմակերպման համար Ամերիաբանկը ներգրավել է իր մի շարք գործընկերներին:
«Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր գործընկերներն են «Երևան Մոլ» համալիրը և «Երևան Փրոդաքշն» ընկերությունը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հանդես է գալիս ռոբոտների ապահովագրությամբ, «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ն` ինֆորմացիոն աջակցությամբ:
Ցուցահանդեսի կազմակերպման գործընկերներն են` «Արայ» կենցաղային տեխնիկայի խանութների ցանցը, «Տեխնոլայֆ» ՍՊԸ-ն, «Ռուսսկոյե ռադիո» և «Ռադիո Վան» ռադիոալիքները, «Մատիտ», «Creato», «The Twenty Two» դիզայներական ընկերությունները, Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնը, «GАT» ընկերությունը, UITE-ն, «Այբ» դպրոցը, «UNITY Production», «GAT Cutting» ընկերությունները, ImYerevan.com ինտերնետային և cult.am մշակութային պորտալները, «Ասողիկ» հրատարակչությունը:
Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկերներին ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: