Մահացել է գիտնական Ռոբերտ Աթոյանը
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել գիտնական Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ:
«Հայ գիտական աշխարհն այսօր ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ խորհրդային ժամանակակաշրջանի և անկախ Հայաստանի ամենակարկառուն գիտնականներից մեկը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը:
Անգնահատելի է նրա դերը Հայաստանում ժամանակակից գիտության, բարձր տեխնոլոգիաների, ինֆորմացիոն կառավարման համակարգերի ներդրման գործում: Ռոբերտ Աթոյանը գիտության այն անմնացորդ նվիրյալներից էր, որը ջանք չխնայեց մեր երկրում գիտությունը զարգացման նոր մակարդակի հասցնելու, գիտական մտքի նորանոր նվաճումներ ձեռք բերելու համար:
Ռոբերտ Աթոյանի մահով Հանրային խորհուրդը կորցրեց մի վառ անհատականության, որը մշտապես հանդես էր գալիս բարձրացված հարցերի վերաբերյալ օբյեկտիվ, անաչառ դիրքորոշումներով, խորը վերլուծություններով ու համապարփակ լուծումներով` առաջնորդվելով պետականության ու համազգային շահով: ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծ գիտնականի, մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին, մաղթում տոկունություն»,-ասված է ցավակցական խոսքում:
Կենսագրություն
Ռոբերտ Վարդգեսի Աթոյան (1935, նոյեմբերի 29, Գորիս), հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1983)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1986, թղթակից անդամ՝ 1983-ից)։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2011)։
1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977-1993 թթ.` Երևանի մաթեմաթիկական մեքենաների ԳՀԻ փոխտնօրեն, 1993 թվականից` Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ տնօրեն։ 1985-1995 թթ.` ԵՊԻ արդյունաբերական էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են էլեկտրոնային սխեմատեխնիկային, հատուկ նշանակության բազմապրոցեսորային հաշվող, և ավտոմատացված կառավարման համակարգերին, հաշվող, տեխնիկայի ժամանակակից միջոցների նախագծման տես. հիմունքներին։
2000 թվականից՝ «Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր կոնստրուկտոր։ 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։