Վիրաբույժների հայկական ասոցիացիան նոր նախագահ ունի
Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է «Վիրաբույժների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը նշել է, որ նիստը հրավիրված է նոր նախագահություն ընտրելու նպատակով: Միջոցառման սկզբին մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգել են վերջին տարիներին կյանքից հեռացած անվանի վիրավույժների հիշատակը:
Հովհաննես Սարուխանյանը ղեկավարել է այս մասնագիտական միավորումը 1987 թվականից սկսած: Նա համառոտ ներկայացրել է մեր երկրում վիրաբուժության սկզբնավորման, կայացման և զարգացման ուղին: Պրոֆեսորը անդրադարձել է թե հաջողություններին, թե խնդիրներին:
Հովհաննես Սարուխանյանի առաջադրմամբ և բաց քվեարկության արդյունքում Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նոր նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը: Նա շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին վստահության համար:
«Այս կառույցի ղերակավարումը ոչ միայն պատվաբեր է, այլև պատասխանատու: Կատարված աշխատանքով կփորձենք արդարացնել սպասելիքները»,- ասել է Միրիջանյանը:
Ողջունելով ասոցիացիայի անդամներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ կարևորել է մասնագիտական միավորումների հետ արդյունավետ համագործակցությունը: Նախարարի գնահատմամբ` ասոցիացիաները պետք է մասնակից լինեն առողջապահության համակարգում որակի ձևավորման, էթիկական, ինչպես նաև բժիշկի գործունեությանը վերաբերող այլ մասնագիտական խնդիրների լուծման գործընթացին:
«Մասնագիտական միավորումների հետ համագործակցությունը մեր աշխատանքի կարևոր մասն է: Մենք սերտ աշխատում ենք մասնագիտական միավորումների հետ` զարգացնելով տարբեր ուղղություններ»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նա մեծապես կարևորել է ավանի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի անգնահատելի ներդրումը Հայաստանում վիրաբուժության զարգացման և այս ասոցիացիայի ղեկավարման գործում:
Շնորհավորելով նորընտրի նախագահին` նա հույս է հայտնել, որ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետագա աշխատանքները կնպաստեն ոլորտի զարգացմանը և առաջադեմ փորձի ներդրմանը:
Նիստի ընթացքում Հովհաննես Սարուխանյանը ճանաչվել է ասոցիացիայի պատվավոր նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում