Ալեքսեյ Մուխին. ԵԱՏՄ-ի դեպքում մենք գործ ունենք ինտեգրացիոն գործընթացի սկզբունքային նոր ձևաչափի հետ
«Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու գաղափարն առաջացել է հենց ԽՍՀՄ փլուզումից հետո: Այն ստեղծվեց, բայց սխալ են այն կարծիքները, պատկերացումները, որ փորձ է արվում վերստեղծել ԽՍՀՄ-ն, ծիծաղելի են նման խոսակցությունները»,- Երևանում «Անդրկովկասի եվրասիական ճանապարհը. ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:
«Ամերիկացի գործընկերները կտրուկ արձագանքեցին միության ստեղծման գաղափարին՝ կասկածելով, թե Ռուսաստանը ստեղծում է նոր ռազմաքաղաքական միություն: Իրականում արևմտյան գործընկերներին անհանգստացնում էր այլ բան, որ հետխորհրդային տարածքում կարող է ստեղծվել ուժեղ, հզոր տնտեսական միություն»,- ասաց նա:
Փորձագետը նշեց, որ եվրասիական ինտեգրացիոն նախագիծը, որը լավ իմաստով «հաշվարկով ամուսնություն» է համարում, պետք է կայանա, քանի որ միության մեջ ընդգրկվող երկրները միասին հարյուրամյա զարգացման ուղի են անցել, ինչը նրանց միջև ամուր կապեր է ստեղծել:
«Մենք գործ ունենք ինտեգրացիայի սկզբունքային նոր ձևաչափի հետ: Մենք վերլուծել են Եվրոպական միության զարգացման ուղին, առանձնացրել ենք այն թույլ տեղերը, սխալները, որոնցից պետք է խուսափել: Եվրոպական երկրների ինտեգրացիոն փորձը մեզ շատ օգնեց: Նրանց գործած սխալները թույլ չտալով՝ մենք ավելի մեծ արդյունքի կհասնենք: Այդ գործընթացն արագ չէ, դրա զարգացման վրա ազդում են արտաքին գործոններ, նաև սոցիալ-տնտեսական վիճակը: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն անընդհատ զարգանալու է, չգիտեմ վերջում ինչ կլինի: Կարծում եմ՝ կստեղծվի ինտեգրացիոն նոր ձևաչափ, որը մոդել դառնա այլ ինտեգրացիոն գործընթացների համար: Այդ ճանապարհը մենք անպայման պետք է անցնենք: Այն երկրները, որոնք ավելի վաղ են մտել միության մեջ, մեկ քայլ առաջ կլինեն այն երկրներից, որոնք ինչ-որ բանի են սպասում, զգուշանում են, հետևում են գործընթացներին: Նկատի ունեմ Վրաստանին, Ադրբեջանին, այլ երկրների, որոնց հետաքրքրում է այն, ինչ տեղի է ունենում, բայց նրանց էլիտան դեռևս պատրաստ չէ իրենց տեսնել արդյունավետ ինտեգրացիոն նախագծում»,- ասաց ռուսաստանցի փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան