ԼՂՀ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսը 2016թ.-ին նախատեսվում է 21 մլրդ 957մլն դրամ
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Հանձնաժողովի նախագահներ Արամ Գրիգորյանի և Ռուսլան Սարգսյանի մուտքի խոսքերից հետո գործադիր իշխանության պատասխանատուները ներկայացրեցին բյուջեի նախագիծը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության ոլորտի ֆինանսավորման հարցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը:
Այսպիսով` սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսը 2016թ.-ին նախատեսվում է 21 մլրդ 957մլն դրամ:
Ս. Ավանեսյանն իր զեկույցում մասնավորապես նշել է, որ 2016թ.-ին նախատեսում են իրականացնել նաև ոլորտի զարգացմանն ուղղված մի քանի պիլոտային ծրագրեր:
ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի համար նախատեսվում է ծախսել 5 մլրդ 949,8մլն դրամ: Զեկույցների ավարտին ոլորտների պատասխանատուները պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին: Քննարկումներին մասնակցել են խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Վահրամ Բալայանը: