Էմանուել Ճգնավորյանը Սիբելիուսի անվան մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին
Ավստրիան ներկայացնող երիտասարդ հայ ջութակահար Էմանուել Ճգնավորյանն Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 2015թ. մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս մասին տեղեկանում ենք theviolinchannel.com կայքից: Մրցույթում հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Քրիստել Լին՝ արժանանալով 25 հազար եվրոայի: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիայի ներկայացուցիչ Ֆրեդերիկե Սկառլոֆը՝ արժանանալով 12 հազար եվրոայի: Էմանուել Ճգնավորյանն արժանացել է 18 հազար եվրոայի:
Էմանուել Ճգնավորյանին շնորհվել է նաև հատուկ մրցանակ` 3000 եվրո, Սիբելիուսի ջութակի կոնցերտի լավագույն մեկնաբանության համար:
Հիշեցնենք, որ Էմանուել Ճգնավորյանի հետ եզրափակիչ էր անցել հինգ մասնակից՝ Ճապոնիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից:
Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995թ. Վիեննայում: Անվանի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է: Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից։ 7 տարեկանում ունեցել առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հադնես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։ Նրա ուսուցիչներից են եղել նաև Պետրոս Հայկազյանը, Արտաշես Մկրտչյանը, Արկադի Վինոկուրովը։ 2014 թվականին ավարտել է Վիենայի Sacred Heart վարժարանը։ Արժանացել է մի շարք մրցանակների՝ «Լավագույն դասական կատարող» - դասական երաժշտության պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-2012» մրցույթի 2-րդ տեղ, Յոհաննես Բրամս միջազգային մրցույթի մրցանակակիր, Երիտասարդական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ, 2012/2013, Վիեննայի համերգասրահ, Stefanie Hohl ջութակի մրցույթի 1-ին մրցանակ, Fritz Kreisler մրցանակաբաշխության 3-րդ մրցանակ, Casinos Austria Rising Star Award:
Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթն անցկացվում է 5 տարին մեկ սկսած 1965-ից` ի հիշատակ ֆինլանդացի հայտնի կոմպոզիտորի: Մրցույթին մասնակցում են մինչև 30 տարեկան ջութակահարներ: