Թոնի Բլեեր. Սիրիան Իրաք չէ
Իսլամական պետության դեմ ներկա պայքարում Մեծ Բրիտանիայի մասնակցությունը և 2003թ-ին իրաքյան գործողությունը նույնը չեն: «Բի Բի Սի»-ի փոխանցմամբ, նման տեսակետ է հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը:
«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո տարածաշրջանի շատ պետություններ առաջնորդվում են հետևյալ դատողությամբ. «Դա Ձեր խնդիրն է, ուրեմն Դուք էլ լուծումը գտեք», հիմա արդեն նրանք բոլորն էլ բախվում են իրենց իսկ սեփական ծայրահեղականությանը և դա արդեն նրանց խնդիրն է»,- անդրադառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի պետություններին՝ նշել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը:
Վերջինս կարծիք է հայտնել, որ Մեծ Բրիտանիան չէր կարող այս ամենին անտարբեր մնալ, քանզի եթե ԻՊ-ին թույլ տրվի թափ հավաքել, ապա նրանք կհասնեն մինչև Եվրոպա և ԱՄՆ, ինչի մասին վկայեցին փարիզյան արյունալի դեպքերը:
Թոնի Բլեերը, աղբյուրի փոխանցմամբ, խոստովանել է, որ նաև ինչ-որ չափով 2000-ականների սկզբում իրականացված իրաքյան գործողությունները պատճառ դարձան «Իսլամական պետության» ի հայտ գալու համար:
Նախկին վարչապետը համոզված է, որ տարածաշրջանում միայն բռնապետերին տապալելով հնարավոր չէ արդյունքների հասնել, այլ հարկավոր է ավելի համապարփակ գործողություններ իրականացնել բոլոր ուղղություններով:
«Իրավունքների և հնարավորություններից զրկված երիտասարդությունը այսպես թե այնպես այդ ամենը հավերժ չի հանդուրժելու, այդ իսկ պատճառով էլ մենք պետք է միջամտենք: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես դա ավելի խելամիտ անենք»,- նշել է Թոնի Բլեերը: