Չինաստանը միտված է 2016թ-ին կարգավորել պղնձի շուկան
Չինական Jiangxi Copper և Nonferrous Metals ընկերությունները համաձայնության են եկել գալիք տարվա ընթացքում կրճատել պղնձի արտադրությունը 200 հազար տոննայով, հաղորդում է Bloomberg-ը:
Ռուսական «Վեդոմոստի» լրատվականի հաղորդմամբ` նույնը հաստատել են նաև 11-րդ Asia Copper Conference-ի ընթացքում, որն անցկացվում է Շանհայում: Լրատվականի զրուցակիցը նշել է, որ չինական ընկերություններն այդ որոշումը մեկնաբանել են նրանով, որ Չինաստանում պղնձի ջարդոնի գինը բարձրացել է, մինչդեռ պղնձի պատրաստի արտադրանքի գինը ընկել է:
2015թ-ի սկզբից պղնձի գինն ընկել է 30%-ով` մինչև 4531 դոլար մեկ տոննայի դիմաց, ինչը պղնձի նվազագույն գինն է 2008թ-ից այս կողմ:
Աղբյուրի տվյալներով` այս տարվա ընթացքում պղնձի արտադրությունը պահանջարկին վերջնական հաշվով կգերազանցի 200 հազար տոննայով: Այդ իսկ պատճառով Jiangxi Copper և Nonferrous Metals ընկերությունները որոշել են կրճատել արտադրությունը, որպեսզի պղնձի շուկայում հավասարակշռություն հաստատվի առաջարկի և պահանջարկի միջև: