Ցուկերբերգը մերժել է բարեգործության միջոցով հարկերից խուսափելու մեղադրանքները
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ ցուկերբերգը մերժել է մեղադրանքներն այն մասին, որ ընկերության բաժնետոմսերի 99 տոկոսը բարեգործության տրամադրելը հարկերից խուսափելու միջոց է: Գրում է Interfax-ը:
Դեկտեմբերի 1-ին՝ դստեր ծնվելուց հետո, նա հայտարարել էր, որ ընկերության բաժնետոմսերի 99 տոկոսը նվիրաբերելու է բերագործության՝ Chan Zuckerberg Initiative հատուկ ստեղծված կազմակերպության միջոցով:
Սակայն շատերն ուշադրություն էին հրավիրել այն բանի վրա, որ Chan Zuckerberg Initiative LLC ընկերությունը, որը կֆինանսավորի ոչ կոմերցիոն կազմակերպություններին և կիրականացնի մասնավոր ներդրումներ, ամբողջ շահույթը ևս կտրամադրվի բարեգործության, գրանցված է որպես «ՍՊԸ» (Limited Liability Company – LLC), այլ ոչ թե բարեգործական ընկերություն:
Տեղեկության համաձայն, Chan Zuckerberg Initiative LLC ընկերության նպատակն է նպաստել մարդկային հնարավորությունների զարգացմանը:
Մասնավորապես, նման ընկերության կառուցվածքը թույլ կտա Ցուկերբերգին խուսափել Ֆեյսբուքի բաժնետոմսերի վաճառքից հարկ վճարելուց:
Սակայն Ցուկերբերգը մերժել է նման խոսակցությունները, սոցցանցում իր էջում գրելով, որ ինքը և իր կինը չեն խուսափի հարկերից՝ բաժնետոմսերը փոխանցելով Chan Zuckerberg Initiative-ին: Նրա խոսքերով՝ բաժնետոմսերի փոխանցումը հնարավորություն կտա ավելի ճկուն և արդյունավետ իրականացնել նախատեսված նպատակը:
«Եթե բաժնետոմսերը փոխանցենք սովորական բարեգործական հիմնադրամի, մենք անմիջապես կստանայինք հարկերի նվազում: LLC-ի պարագայում դա տեղի չի ունենա, և մենք, ինչպես բոլորը կվճարենք հարկերը»,-գրել է Ֆեյսբուքի հիմնադիրը:
Ներկայումս Ֆեյսբուքի բաժնետոմսերի արժեքը կազմում է 45 մլրդ դոլար: