ՕՊԵԿ-ը անփոփոխ է թողել նավթի արդյունահանման քվոտան
Դեկտեմբերի 4-ին Վիեննայում կայացած ՕՊԵԿ-ի գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները փաստացիորեն ամփոփոխ են թողել նավթի արդյունահանման քվոտան: Այս մասին փոխանցում է Վեդոմոստի գործակալությունը:
Չնայած վերջին մեկ տարում ՕՊԵԿ-ը արդյունահանում է օրական 31.5 մլն բարել նավթ և կարտել է վերադարձել Ինդոնեզիան, այնուամենայնիվ որոշվել է արդյունահանման օրական քվոտան թողնել 30 մլն բարելի մակարդակին: Վերջին անգամ կազմակերպությունը վերանայել էր արդյունահանման ծավալների քվոտան 4 տարի առաջ, երբ օրական 24.84 մլն բարելից շեմը բարձրացվեց մինչև 30 մլն:
«Մենք չենք կարող թվեր հրապարակել: Առայժմ չգիտենք, թե երբ Իրանը կմտնի միջազգային շուկա: Քվոտայի վերանայման հարցը կքննարկվի գալիք տարվա կեսին»,- այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Ալ-Բադրին:
ՕՊԵԿ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2016թ-ի հունիսի 2-ին:
Իրանը հայտարարել է, որ պատժամիջոցների ամբողջական վերացման պարագայում պատրաստ է ավելացնել արդյունահանումը օրական 0.5-1 մլն բարելով, իսկ արտահանումը 0.5 մլն բարելով: Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգանեի խոսքով՝ առավելագույն մակարդակը օրական արդյունահանման կարող է կազմել 4 մլն բարել:
Քվոտայի նույն մակարդակում պահելը և Իրանի մուտքը միջազգային շուկա անխուսափելիորեն ազդեցություն կունենա նավթի գների նվազման վրա: ՕՊԵԿ-ի այն երկրները, որոնք առավելապես կախված են նավթի արտահանումից և միջազգային գներից, կողմ են արտահայտվել քվոտայի նվազեցմանը և առաջարկի կրճատմանը՝ փորձելով նպաստել գների բարձրացմանը, սակայն Սաուդյան Արաբիան չի պատրաստվում նվազեցնել առաջարկը՝ միջազգային շուկայում պայքարելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեմ:
ՕՊԵԿ-ի նախօրեին տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքները մտահոգիչ են Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, որ նավթի գների նվազման միտումը կշարունակվաի:
«Նպատակաուղղված ճնշում է գործադրվում նավթային շուկայի վրա՝ գների նվազեցման նպատակով»,- այս մասին հայտարարել է «Ռոսնեֆտի» մամլո քարտուղար Միխայիլ Լեոնտևը:
Նշենք, որ Լոնդոնյան բորսայում Brent տեսակի մեկ բարել նավթի գինը 43 դոլար է, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթի գինը՝ 39.8 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին