«Կինոպարկ». նոր կինոթատրոն Երևանում
Կինոյի սիրահարներին Երևանի ճանապարհներն այսուհետ կտանեն «Երևան Մոլ» բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ այսօրվանից կգործի «Կինոպարկ» կինոթատրոնը: Կինոթատրոնում գործում է 5 կինոդահլիճ՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով: Հինգ դահլիճներից երկուսը նախատեսված է 109, երկուսը` 119-ը, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Երևան Մոլ» բազմաֆունկցիոնալ կենտրոնի մարկետինգի գծով տնօրեն Շուշան Ավակիմյանը, կինոթատրոնն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես, «Կինոպարկ»-ը հագեցած է գերմանական «Դիսինքես» ֆիրմային ժամանակակից կինոտեխնիկայով՝ Հայաստանում եզակի «4K ULTRA HD» որակի էկրաններով և «Դոլբի Աթմոս» ձայնային համակարգով:
Նրա խոսքերով՝ կինոթատրոնում տեղի կունենան համաշխարհային բոլոր նոր ֆիլմերի պրեմիերաները:
«Ուրախ ենք հյուրընկալել բոլորին մեր նորաբաց կինոթատրոնում և մեզ համար կրկնակի պարտավորեցնող է, ինչպես նաև մարտահրավեր՝ լինել ոչ առաջին կինոթատրոնը Հայաստանում, բայց հավակնել լինել լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլ նաև` տարածաշրջանում»,- ասաց Շ.Ավակիմյանը:
Ըստ նրա՝ առավելություններից մեկն էլ այն է, որ 2016թ-ի առաջին եռամսյակից կներդրվի տոմսերի առցանց համակարգ: Այսինքն՝ կինոթատրոնի հաճախորդները առանց «Կինոպարկ» հաճախելու, իրենց համակարգիչների և հեռախոսների հավելվածների միջոցով հնարավորություն կունենան ոչ միայն ամրագրել տոմսեր, այլ նաև գնել և միայն ֆիլմի ցուցադրության ժամանակ ներկայանալ կինոթատրոն:
«Կինոպարկ»-ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է ունենալ հագեցած կինոցանկ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան կինոթատրոնում դիտելու իրենց նախընտրած ժանրի ֆիլմերը:
Վ.Սաղաթելյանը նաև ասաց, որ «Կինոպարկ»-ն իր գործունեությունը սկսում է 6 ֆիլմերի ցուցադրությունով. դրանց թվում կան և հայկական, և արտասահմանյան ֆիլմեր:
«Վստահ եմ, որ կինոսիրողները մեզ մոտ կգտնեն իրենց նախընտրած ժանրի ֆիլմերը: Ինչ վերաբերում է որակին, ապա մենք առաջինն ենք Հայաստանում, որ ներկայանում ենք «4K ULTRA HD» որակի էկրաններով »,- ասաց Վ. Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ իրենց ցանկությունն է վերականգնել կինոթատորններ հաճախելու մշակույթը:
«Իհարկե, պետք է նկատենք, որ այսօր և կինո, և թատրոն հաճախելու մշակույթը աստիճանաբար վերականգնվում է»,- նշեց նա: