Որոտանի փողերն ո՞ւր կորան. ՉԻ
«Չորրորդ իշխանութուն»-ը գրել է. «ՀՀ պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս բավական ուշագրավ փաստերի կարելի է հանդիպել: Ըստ ԱՎԾ տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ-ը Հայաստանում իրականացրել է 7 մլրդ 685 մլն դրամի (16.1 մլն դոլար) ներդրում, որի գերակշիռ մասը միայն 6 մլրդ 699 մլն դրամը (14 մլն դոլարը) էլեկտրամատակարարման ոլորտում:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Հայաստանի էլեկտրամատակարարման ոլորտ մուտք գործեց «Որոտանի ՀԷԿ»-ը գնելով: Իսկ «Որոտանի ՀԷԿ»-ը վաճառվել էր 180 մլն դոլարով, որից 90 մլն դոլարը գնորդը վճարել էր պայմանագրինրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո՝ հուլիսի 30-ին, իսկ մյուս կեսը վճարվելու է հաջորդ տարվա հուլիսին: Բայց տարօրինակն այն է, որ ամերիկյան կողմի իրականացրած ներդրումը չի երևում ԱՎԾ տվյալներում, այնինչ՝ պետք է ԱՄՆ իրականացրած ներդրումները էլեկտրամատակարարման ոլորտում կազմեին ոչ թե 6 մլրդ 699 մլն դրամ (14 մլն դոլար), այլ 43 մլրդ 68 մլն դրամ կամ 180 մլն դոլար:
Ի դեպ, օրերս օտարերկրյա ներդրումների մասին խոսելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, թե «..Բոլոր ուղղություններով և համարյա բոլոր երկրների գծով ունենք օտարերկրյա ներդրումների ծավալների աճ»: Միայն թե, ՀՀ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է պնդում՝ ներդրումների հիմնական աճը եղել է օֆշորային գոտի հանդիսացող երկրներից՝ Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, նաև՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Լիբանանից, Բելիզից, Սլովենիայից, բայց հատկապես վերջին երկրներից իրականացված ներդրումների աճը շատ չնչին է: Իսկ ահա Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրների ներդրումները նվազել են մի քանի անգամ»: