Լուիս Էնրիկե. «Սուարես-Մեսսի-Նեյմար հարձակողական եռյակը լավագույնն է պատմության մեջ»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լուիս Սուարեսին, Լիոնել Մեսսիին ու Նեյմարին լավագույն հարձակողական եռյակ է անվանել համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության մեջ: Նրանք ընթացիկ մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, բոլոր մրցաշարերում խփել են 43 գոլ, միևնույն ժամանակ Մեսսին վնասվածքի պատճառով երկու ամիս խաղադաշտ չի մտել:
«Նրանք շատ պահեր են ստեղծում, շատ գոլեր խփում ու լավ են համագործակցում,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը:- Նրանց վիճակագրությունն այնքան տպավորիչ է, որ նման որևէ բան չեմ կարող հիշել ակումբի պատմության մեջ:
Կարծում եմ՝ Սուարես-Մեսսի-Նեյմար հարձակողական եռյակը լավագույնն է «Բարսելոնի» պատմության մեջ: Հնարավոր է նաև՝ ողջ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Ֆուտբոլի պատմության մասին այնքան էլ շատ բան չգիտեմ, սակայն չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է ավելի լավ խաղալ, քան նրանք»: