Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ. Որոշում կայացնողը ժողովուրդն է
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, Ձեր երկիր եմ ժամանել մեծ հետաքրքրությամբ: Տպավորություններս շատ դրական են»,- այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում Panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց դեկտեմբերի 6–ին անցկացվելիք հանրաքվեի դիտորդական առաքելության իրականացման նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ Միխայիլ Պետրուշինը:
Անդրադառնալով վաղը կայանալիք հանրաքվեին և առհասարակ ընտրական գործընթացին, Մ.Պետրուշինը հիշեցրեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ, որտեղ դիտորդական առաքելություն են իրականացրել Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները:
«Մենք բնականաբար փոխանակվում ենք փորձով, ուսումնասիրում ենք լավագույնը, աշխատում ենք խնդիրների վրա, այնպես որ ես կարծում եմ, որ այսօրվա այցով և հանրաքվեի գործընթացի դիտարկամբ մենք մեր համար կքաղենք ինչ-որ նոր բաներ, կամրապնդենք մեր փորձը, ինչպես նաև կփոխանակենք տեսակետներ»,- նշել է Պետրուշինը:
Ինչ վերաբերում է հանրաքվեից ունեցած սպասելիքներին ու ակնկալիքներին, ապա ըստ Մ.Պետրուշինի, հանրությունը բավական ժամանակ է ունեցել որպեսզի ծանր ու թեթև անի և կայացնի որոշում:
«Որոշում կայացնողը ժողովուրդն է, ԿԸՀ-ն ընդամենը պետք է անցկացնի և ֆիքսի ժողովրդի կամքը»,- նշել է նա:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ դրած Մ.Պետրուշինի կարծիքով, ներկայում Թուրքիայի պահվածքը, մասնավորապես ՌԴ ինքնաթիռի խոցումը, հետևանք են այն բանի, որ ժամանակին արժանի գնահատական չեն ստացել Հայոց ցեղասպանություն իրագործողները:
«Սիրիայում ծավալվող իրադարձությունները և ռուսական ինքնաթիռի միջադեպը բնականաբար չասվածի, չգնահատվածի հետևանք է»,- ասել է նա:
Պետրուշինը խոստովանեց, որ ապշած ու տպավորված է Ցեղասպանության ազգային ինստիտուտ թանգարանում տեսածով. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել»:
Նրա խոսքով, բելառուս ժողովուրդը շատ լավ գիտի՝ ինչ բան է զանգվածային կորուստը, «քանի որ Բելառուսի տարածքը բազմիցս եղել է ահեղ պատերազմների թատերաբեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան