Համո Սահյանի ժառանգության պահպանությունը պետության ուշադրության կենտրոնում է. մշակույթի նախարարություն
Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող Համո Սահյանի տան վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: 2016 թ. մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, մշտական ցուցադրությամբ` թանգարանն իր դռները կբացի այցելուների առջև: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի նախագահի հանձնարարությամբ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ցուցադրության գիտական հայեցակարգի նախագծի կազմման ֆինանսավորումն իրականացրել է ՀՀ Սյունիքի մարզպետարանը:
Պատրաստ է նաև քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին, որը կտեղադրվի տուն-թանգարանի բակում:
Հիշեցնենք, որ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր,
որ ստիպված որոշել է վաճառքի հանել հոր անտիպ արխիվը, որպեսզի ստացված գումարով Երևանում բացվի Համո Սահյանի արձանը, իսկ Լոր գյուղում` նրա թանգարանը. «2014 թվականին Համո Սահյանի 100-ամյակի առթիվ ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով, մարդիկ ասում էին՝ սա է արվելու, այն է արվելու, գյուղում տուն-թանգարան է բացվելու, ոչինչ չի արվել մինչ օրս: Բարեգործական հիմնադրամ կար, թանգարանը կառուցել են, բայց աշխատանքները չեն ավարտել»:
Նախարարությունից հիշեցնում են, որ 2014 թվականին Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին: Հոբելյանական տարվա շրջանակում պետական պատվերով հրատարակվել է Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը, թվայնացվել են Հայաստանի հանրային ռադիոյի ֆոնդերում առկա բանաստեղծին առնչվող նյութերը և թողարկվել` բանաստեղծությունների խտասկավառակը, նկարահանվել է երկմասանի հեռուստաֆիլմը, տեղի են ունեցել պոզիայի երեկոներ, Սահյանական ընթերցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ:
Մշակույթի նախարարությունից նաև հայտնում են, որ բանաստեղծի ժառանգության պահպանության և հանրահռչակման առնչությամբ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան