Արմեն Սմբատյան. Հայաստանում միջնորդավորված, լիազորված քվեարկություն չկա
Հայաստանում քվեարկությանն իրականացվում է երկու եղանակով՝ էլեկտրոնային և ավանդական: Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, նաև այն իրավաբանական անձանց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ավանդական քվեակարգով քվեարկողներն իրենց քվեարկությունը կատարում են բացառապես տեղամասային կենտրոններում, բացի ստացիոնար հիմնարկներում բուժում ստացող քաղաքացիներից, ովքեր քվեարկելու են շրջիկ արկղերի միջոցով հենց բուժհիմնարկներում:
Քվեարկությանը մասնակցում են անձնագրով, նույնականացման քարտով, կամ նրանց փոխարինող տեղեկանքով: Զինվորների համար անձը հաստատող փաստաթուղթ է զինվորական գրքույկը:
Ս.Սմբատյանն ընդգծեց, որ Հայաստանում միջնորդավորված, լիազորված քվեարկություն չկան: Քաղաքացին անձամբ է մասնակցում քվեարկությանը:
Անձնագիրը կամ տեղեկանքը դրոշմակնքվում է քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամի կողմից՝ կրկնաքվեարկությունը բացառելու համար: Նույնականացման քարտերը չեն դրոշմակնքվում: Ըստ նրա, պլաստիկ քարտի վրա դրոշմակնիք դնելն անտրամաբանական է:
«Այս դեպքում օրենսդրությունը սահմանում է վերահսկողության այլ եղանակ. այն քաղաքացին, ով նույնականացման քարտով է քվեարկում, նրա անվան դիմաց ցուցակում նշվում է, որ մասնակցել է նույնականացման քարտով, բոլոր տեղամասային հանձնաժողովները քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրությունների մեջ գրանցամատյաններում պետք է ամրագրեն այն թվաքանակը, թե քանի քաղաքացի է մասնակցել տվյալ տեղամասում քվեարկությանը նույնականացման քարտով»,- ասաց Ա.Սմբատյանը:
Նշենք, որ ոստիկանության նախօրեին հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին