Հանձնաժողովի անդամները հերքել են Քաջարանում քվեախցիկների հետևում մարդկանց ուղղորդելու մասին լուրերը
«Ոչ Թալանին» նախաձեռնության անդամ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր տարածել, որ Քաջարանի երկու ընտրատեղամասում քվեախցիկների հետևում մարդիկ են կանգնած, որոնք վերահսկում են և ուղղորդում ընտրողներին՝ հավելելով, որ այն կազմակերպվում է «Մանվել Փարամազյանի կողմից, ում խոստացել են քաղաքապեի աթոռ»:
Տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Panorama.am-ի թղթակիցը այցելել է Քաջարանի բոլոր երեք տեղամասեր և զրուցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Մանվել Փարամազյանը, Քաջարանի 38/55 տեղամասում ՀՅԴ վստահված անձն է: Նա Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց նշված տեղեկությունը:
«Այդ լուրերը ինձ էլ են հասել: Ի՞նչ կարող եմ ասել՝ դեզինֆորմացիա է, և բնականաբար չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:
Նույն տեղամասում հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Առաքելյանը ևս նշեց, որ տեղեկությունը ճիշտ չէ:
«Անկեղծ եմ ասում՝ մինչև այս վայրկյանը ես ոչ մի խախտում չեմ նկատել: Մի պահ եղավ, որ մարդկանց հոսքի պատճառով կուտակումներ էին առաջանում, ոստիկաններ հրավիրեցինք, որ մեզ օգնեն, իսկ ընդհանուր առմամբ ամենինչ նորմալ է:
Նման խախտում հնարավոր չի, քանի որ և Այո-ի և Ոչ-ի կողմնակիցները հսկում են պրոցեսը և թույլ չեն տա, որ ինչոր մեկը ուղղորդի»,- նշեց 38/55 տեղամասի հանձնաժողովի «Ժառանգություն»-ը ներկայացնող անդամը:
Քաջարանի 38/56 տեղամասի հանձնաժողովի անդամ Էդգար Առաքելյանը, ով «Ժառանգության» անդամ է, և 38/57 տեղամասի հանձնաժողովի ՕԵԿ անդամ Կարինե Սարգսյանը մեր թղթակցին ևս փոխանցեցին, որ նմանատիպ դեպք չի գրանցվել իրենց տեղամասերում և ոչ-ոք քաղաքացիներին չի ուղղորդել:
Հարակից հրապարակումներ`
- Քաջարանն ակտիվ է, և «ակտիվությունը դեռ առջևում է»
- Քաջարանում այս պահի դրությամբ արդեն քվեարկել է 600 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին