Քվեարկեցի հանուն այն Հայաստանի, որ վաղուց էինք երազում. Արմեն Ռուստամյան
«Քվեարկեցի հանուն այն Հայաստանի, որ վաղուց էինք երազում, հանուն անցյալում կատարված սխալներն ուղղելու և նրա համար, որ իշխող կուսակցությունը և պետությունը չնույնացվեն այլևս, վերանա իշխանություն և ժողովուրդ օտարումը, և իսկապես սկսենք լուրջ խորքային բարեփոխումների մի ընթացք»,-Քանաքեռ-Զեյթունի թիվ 3/23 տեղամասում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա վստահություն հայտնեց, որ հանրաքվեի հաջողության դեպքում գործը նոր պետք է սկսվի:
Լրագրողների դիտարկմանը, թե ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունը ահազանգում են համատարած ընտրախախտումների մասին, արդյոք Դաշնակցությունը կեղծիքների մասին ահազանգ ստացել է, Ա.Ռուստամյանն ասաց, որ աղաղակող ընտրախախտումներ իրենք չեն արձանագրել:
«Մենք այդպիսի ահազանգեր չունենք, եթե լինեն, ապա՝ կասենք: Իհարկե, ընտրախախտումների մասին ամբողջական խոսելը դեռ վաղ է, ամփոփ կներկայացնենք, երբ քվեարկությունն ավարտվի»,-ասաց նա:
Անդրադառնալով լրացուցիչ ցուցակների հետ կապված խնդիրներին, որոնց մասին նույնպես ընդդիմադիրներ կուսակցությունները բարձրաձայնում են, Ա.Ռուստամյանն ասաց, որ ինքը նախ պետք է ամբողջ տեղեկատվությունը ստուգի և չի կարող մեկ կողմի հայտարարությունը հիմք ընդունի:
«Նույնականացման քարտերով քվերարկությունը նաև մեզ է անհանգստացրել: Կեղծիքներ կլինեն, քանի որ իդեալական ընտրություններ երբեք չենք անցկացվել, այդ մշակույթը մենք դեռ չունենք: Իսկ եթե կեղծիքներ լինեն, ապա դրանց մասին ժամանակին կարձագանքենք»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլոր տեղամասերում ՀՅԴ-ն ունի իր ներկայացուցիչները և հիմք են ընդունելու նրանց տրամադրած տեղեկատվությունը:
Հարցին, թե ինչպես է պատահում, որ ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը արձանագրում են խախտումներ, իսկ ՀՅԴ ներկայացուցիչները՝ ոչ, Ա.Ռուստամյանն ասաց, որ նրանք արձանագրել են խախտումներ նաև մինչ հանրաքվեն և քաղաքական առումով, նրանց ձեռնտու չէ, որ Սահմանադրությունը փոխվի. «Վստահ եմ, որ ինչ էլ լինի, մեկ է՝ ասելու են, որ հանրաքվեն կեղծված է: Ոչ մի հանրաքվե հանրաքվեից հետո չի ընդունվել բոլորի կողմից: Մենք ասել ենք, որ մեզ համար կարևոր է այս քվեարկության լիգիտիմությունը և այս պահին, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, մարդիկ հանգիստ քվերակում են»:
Ա.Ռուստամյանը չցանկացած կանխատեսել, թե ինչպիսին կլինեն արդյունքները, սակայն նշեց, որ եթե «այո»-ն չանցնի՝ դարձյալ պայքարելու են նույն համակարգի փոփոխության համար: Նրա խոսքերով՝ մարդիկ պետք է հասկանան, որ 24 տարվա ընթացքում կուտակված դժգոհությունները եղել են նաև այս նույն համակարգի պատճառով:
«Եթե ուզում ենք մի բան փոխել, ապա «Այո»-ով կարող ենք փոխել, իսկ եթե ուզում ենք նույնը պահպանենք, ապա պետք է «Ոչ» քվերակենք», - ընդգծեց Ա.Ռուստամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին