Ռուբեն Բաբայան. Մենք մուրում ենք վստահությունը
Ընտրական գործընթացում, ու ոչ միայն, մենք վստահությունը փորձում ենք ոչ թե վաստակել, այլ մուրալ: «Մեդիա կենտրոն»-ում հրավիրած քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Մենք մուրում ենք վստահությունը: Վստահեք մեզ, և ամեն ինչ ավելի լավ կլինի: Ընդ որում դա ասում է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: Ես ոչ մեկին չեմ ուզում վստահել, ուզում եմ վստահել միայն անցած ուղուն»,-ասաց Բաբայանը:
Նրա խոսքով, ինքն ուզում է որոշումներն ինքնուրույն կայացնել. «Դրա համար խնդրում եմ ինձ հետ խոսել անկեղծ, լուրջ և նաև ինձ հարգելով, հարգելով իմ մտավոր ունակությունները, այլ ոչ թե զբաղվել էժանագին քարոզչությամբ»:
Արձակագիր, դրամատուրգ, Մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանն էլ նկատեց. «Այս պահին եթե մեր երկրում մի հսկայական ու անլուծելի խնդիր կա, դա վստահություն է: Ընդ որում, մարդկային հարաբերություններում պակասում է վստահությունը»:
Նա հիշեցրեց, որ արցախյան հաղթանակից հետ հա ժողովուրդն ունեցել է այդպիսի վստահության, լավատեսության ու էներգիայի պաշար. «Այսօր հայտնվել ենք նման հուսալքված խայտառակ իրավիճակում: Ինձ թվում է՝ անկախության մեր բոլոր իշխանավորներին պետք է տանել Հաագայի դատարան: Անխտիր»: