«Կտամ, ոտերդ կջարդեմ, համբալ». Հանձնաժողովի նախագահը՝ լրագրողին
Ավան վարչական շրջանում գտնվող 1/8 հանրաքվեի տեղամասում հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Առնակ Մանուչարյանը Հասարակության քաղաքացիական ինստիտուտի լրագրողին սպառնում է ոտքերը ջարդել:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված տեսանյութի համաձայն, հանձնաժողովի նախագահը լրագրողին հիմար է անվանում, ապա սպառնում ջարդել նաև գլուխը:
Պատճառն այն է, որ լրագրողը նկարել է հանրաքվեին մասնակցած քաղաքացիների ցուցակները:
Թիվ 1 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանը Panorama.am-ին ասաց, որ միջադեպի մասին տեղեկացել է:
«Լրագրողը պետք է օրենքը իմանա: Ստացվում է, արջի ծառայություն է մատուցում: Մենք պաշտպանում ենք ընտրողի իրավունքները, իսկ լրագրողը նկարում է ու տպագրում է, կամ չգիտեմ ինչ է անում քվեարկածների անունները»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով, այս պարագայում սխալ են եղել և լրագրողը, և հանձնաժողովի նախագահը:
«Հենց նոր խոսեցի հանձնաժողովի նախագահի հետ: Ես ասացի, որ նման երևույթների ժամանակ ոստիկանի միջոցով նման լրագրողին պետք է դուրս հրավիրի: Հանձնաժողովի նախագահը կոնտակտի մեջ չպիտի մտներ: Հանձնաժողովի նախագահի սխալը կոնտակտի մեջ մտնելն էր: Նախագահը ավելի զուսպ պետք է գտնվեր, պետք է դիմեր ոստիկանին, ոստիկանն էլ նրան դուրս հրավիրեր»,-նշեց նա:
Գ. Հայրապետյանն ասաց, որ ոստիկանության՝ տեղամասում գտնվող ներկայացուցիչները դեպքին չեն միջամտել, քանի որ չի եղել հանձնաժողովի նախագահի պահանջը. «Ոստիկաններն ինքնագործունեությամբ չեն կարող զբաղվել»:
Միջադեպի մասին տեսանյութը՝ «Ֆեյսբուք»-ից: