Քաջարանն ակտիվ է, և «ակտիվությունը դեռ առջևում է»
Քաջարան քաղաքում ընտրական մեծ ակտիվություն է տիրում: Ժամը 12.00 դրությամբ Քաջարան քաղաքում արդեն քվեարկել է ընտրության իրավունք ունեցողների 28%-ը: Թիվ 38/57 ընտրատեղամասում 2034 ընտրողներից արդեն քվեարկել է 698 հոգի: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արտակ Համբարձումյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Քաջարանում մարդիկ միշտ ակտիվ մասնակցում են ընտրությունների, մյուս կողմից հոսքի ակտիվությունը պարբերական բնույթ ունի և պայմանավորված է Պղնձամոլիբդենային կոմբինատում բնակիչների աշխատանքային հերթափոխով:
Նույն տեղամասի հանձնաժողովի անդամ ՀԱԿ-ի տարծքային կառույցի ներկայացուցիչ Արմեն Հակոբյանը նշեց, որ ներկա ակտիվության պարագայում, մինչև երեկոյան 18.00-ն քվեարկությունը հիմնականում կավարտվի:
«Մինչև այս պահը քվեարկությունն ընթանում է շատ նորմալ, առանց միջադեպերի: Քաղաքացիներն ակտիվ գալիս են իրենց պարտքը կատարում ու գնում են: Դիտորդներն իրենց տեղում են և իրենց գործն են անում: Այո-ի կամ Ոչ-ի հարաբարեկացության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե այսպես շարունակվի, ապա ես գոհ եմ ընտրության ընթացքից»,-նշեց տեղամասային ընտրական հանձնաժողովի ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Քաջարանի ակումբում տեղակայված 38/55 տեղամասում 12.00-ի դրությամբ 1644 ընտրողներից պարտքը կատարել է 441 քաղաքացի: «Հանրային դիվանագիտություն» ՀԿ ներկայացնող տեղամասային դիտորդ Հրաչյա Ղազարյանը նշեց, որ քվեարկության պրոցեսն իրենց մոտ ընթանում է «անսպասելի առույգ»:
«Մարդիկ շատ ակտիվ գալիս են, իրենց երեխաների հետ, քվեարկում և գնում են: Ամենինչ ընթանում է նորմալ մթնոլորտում, որևէ միջադեպ չի գրանցվել մեր տեղամասում»,- նշեց Ղազարյանը:
Քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված 38/56 ընտրատեղամասում ժամը 12.00-ի դրությամբ 1607 ընտրողներից արդեն քվեարկել են 451-ը: Տեղամասային հանձնաժողովի անդամ ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը նշեց, որ քվեարկությունը ընթանում է նորմալ առանց միջադեպերի: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Արման Մարտիրոսյանը նկատեց, որ ընտրողների ակտիվությունը դեռ առջևում է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին