ՀԱԿ-ը բոյկոտեց ԱԺ նստաշրջանը
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում նշեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգի՝ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանի հետագա աշխատանքները:
«Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող Ձեզ հետ նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության իրավունքի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ կեղծվեց Սահմանադրության հանրաքվեն՝ գործի դրվելով ընտրակեղծիքների բոլոր միջոցները…»,- ասաց Զուրաբյանը, սակայն նրա խոսքը ընդհատվեց։
«Մենք հակառակ տեսակետի ենք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Դրանից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը:
«Տեսա՞ք, քանի հոգի էին իրենց խմբակցությունը, քանի հոգի բոյկոտեցին»,- հեռացող պատգամավորների հետևից ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ մինչ Լ.Զուրաբյանի հայտարարությունը, անջատեցին նաև Զարուհի Փոստանջյանի խոսափողը, որը ևս խոսում էր սահմանադրական հանրաքվեից:
Էդուարդ Շարմազանովը խնդրեց խոսել օրակարգի վերաբերյալ, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նա «ցենզոր» չէ, սակայն խոսափողը անջատվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան