Ազգային ժողովը հարգեց 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը
Ազգային Ժողովն այսօր հերթական նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Նշենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ:
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ: Ինչպես ամեն մի ուժեղ երկրաշարժ, այնպես էլ Սպիտակի երկրաշարժը, ունի իր որոշակի առանձնահատկությունները: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10բալ:
Երկրաշարժի պատճառով ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին:
Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ: