Էրմիտաժը 251 տարեկան է
Այսօր Պետեբուրգում նշում են աշխարհի ամենախոշոր թանգարաններից Էրմիտաժի 151-ամյակը: Օրվա առիթվ թանգարանում բացվելու է ցուցահանդես՝ նվիրված Եկատիրինա Երկրորդին և Լեհաստանի վերջին թագարավոր Ստանիսլավ Ավգուստին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Էրմիտաժը հիմնադրվել է 1764 թ-ին, Սանկտ Պետերբուրգում, բացվել 1852 թ-ին:
«Էրմիտաժը» ֆրանսերեն բառ է, նշանակում է մենավոր տուն, առանձնանալու տեղ: Հիմնադրվել է որպես Եկատերինա II կայսրուհու մասնավոր հավաքածու: Թանգարանի համալիրում են Ձմեռային պալատը, Փոքր Էրմիտաժը (1764–67 թթ., ճարտարապետ՝ Ժան Բատիստ Միշել Վալլեն-Դելամոտ), Հին Էրմիտաժը (1771–87 թթ., ճարտարապետ՝ Յուրի Ֆելտեն), թատրոնի շենքը (1783–87 թթ., ճարտարապետ՝ Ջակոմո Կվարենգի) և Նոր Էրմիտաժը (1839–52 թթ., ճարտարապետ՝ Լեո ֆոն Կլենցե): Էրմիտաժը հարուստ է նախնադարյան, հինարևելյան, անտիկ, միջին դարերի մշակույթների հուշարձանների հավաքածուներով:
Առավել հարուստ է պատկերասրահի Հին Արևելքի մշակույթի բաժինը: Դեռևս Պետրոս I-ի օրոք Սանկտ Պետերբուրգ են բերվել անտիկ աշխարհի արձաններ, այդ թվում՝ Տավրիդյան Աֆրոդիտեի մարմարե նշանավոր արձանը: Հին հունական և հին հռոմեական արվեստների նմուշները ցուցադրված են թանգարանի 25 սրահում:
Ավելի ամբողջական է ներկայացված հատկապես արևմտաեվրոպական արվեստը. թանգարանում են Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ջորջոնեի, Տիցիանի, Վելասկեզի, Ռեմբրանդի, Ռուբենսի, XVII–XVIII դարերի ֆրանսիական, XVIII դարի անգլիական գեղանկարչության և բազմաթիվ այլ արժեքավոր ստեղծագործություններ:
Պաբլո Պիկասսո. «Ագարակատիրուհին» (1908 թ.)
Տիցիան. «Ապաշխարող Մարիա Մագթաղինացին» (1560-ական թթ.)
Կարավաջո. «Վինահարուհին» (1595 թ.)
Թանգարանն ունի դրամագիտական, դեկորատիվ-կիրառական արվեստի իրերի, գծանկարների և փորագրությունների հարուստ հավաքածուներ: Հետաքրքիր է «ասպետական դահլիճը», որտեղ ժողովված են XV–XVII դարերի զենք ու զրահ, վահաններ, սաղավարտներ և այլ ռազմական իրեր: 1941 թ-ից թանգարանում գործող ռուսական մշակույթի պատմության բաժնում ներկայացված են հին ռուսական արվեստի նմուշներ, ձեռագիր և հնատիպ գրքեր, կենցաղային առարկաներ: Ուշագրավ է «Մոմեղեն մարդը»՝ Պետրոս I-ի պատկերը, որը նրա մահից անմիջապես հետո վավերագրական ճշգրտությամբ ստեղծել է քանդակագործ Բարտոլոմեո Կառլո Ռաստրելլին:
Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար): Ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ:
Մարդու դեմքով թևավոր առյուծ (մ. թ. ա. VIII–VII դարեր)
Մասնատուփ (1293 թ., Սկևռա, Կիլիկյան Հայաստան)
Էաչի և Ամիր Հասան II-ի քարե հարթաքանդակը (1321 թ., Սբ Աստվածածին եկեղեցի, Եղեգնաձոր)
Քառավետարանի դրվագված կազմի դիմերեսը` Խաչելության պատկերով (1325 թ., Ջենովա, կազմը` 1347 թ.)
Քանդակազարդ փայտե դուռ (1371 թ., Սբ Սարգիս եկեղեցի, Թեոդոսիա, Ղրիմ)
Ղուկաս ավետարանիչը (XIII դարի վերջ – XIV դարի սկզբի Ավետարանի մանրանկար, Կիլիկիա)
Էրմիտաժի 400 սրահում ցուցադրված է մոտ 3 միլիոն ցուցանմուշ: Թանգարանն ունի վերականգնող արվեստանոցներ, ռենտգենյան կաբինետ, գրադարան և սպասարկման զանազան ծառայություններ: Այստեղ կատարվում են նաև գիտական աշխատանքներ:
1920 թ-ից Էրմիտաժում աշխատել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին. 1934–51 թթ-ին եղել է տնօրեն. 1926 թ-ին հիմնադրել և ղեկավարել է Արևելքի բաժանմունքը:
Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա