«Ուղղակի ցնցող էր». Իրինա Ռոդնինան՝ «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրի մասին
Ամբողջ երկու ամիս երաժշտասերին դասական երաժշտության տոնահանդես պարգևած Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը եզրագիծը հատել է դեկտեմբերի 5-ին՝ «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով։ Երեկոյին ներկա է եղել ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Փառատոնի փակման գալա համերգին առաջին անգամ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ջազային գործիքավորմամբ ներկայացրել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Կամո Սեյրանյանը (դուդուկ)։ Համերգը ղեկավարել են Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Ծրագրում հնչել են Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների հատվածների և «Դիմակահանդես» դրամայի երաժշտության, Խորհրդային Հայաստանի հիմնի և այլ ստեղծագործությունների ջազային մշակումները։
Համերգը նվիրված էր դաշնակահար, ջազմեն Լևոն Մալխասյանի 70-ամյա հոբելյանին։ Լևոն Մալխասյանը նույնպես հանդես է եկել երեկոյի ընթացքում:
Նա նշել է, որ ջազի հսկաներից Մայլս Դեյվիսն իր հուշերում գրել է, որ շատ ջազմեններ դեռ կուսումնասիրեն Խաչատրյանի ակորդները, դրանց ներդաշնակությունը, և խաչատրյանական մեղեդին կդառնա նրանց համար շատ հետաքրքիր մի աշխարհ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով Խաչատրյանի անվան փառատոնը, այն համարել է հաջողված։
«Խաչատրյանը հերոս է, որի երաժշտության ինքնատիպության համար նրան համարում ենք մեծ հայ և համամարդկային արժեք: Հպարտ եմ, որ երիտասարդական նվագախումբը կյանքի կոչեց նրա անվան փառատոնը: Պարզապես չէիք կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:
Նա մեջբերել է մեծանուն կոմպոզիտորի խոսքերից՝ «Ջազն այն երաժշտությունն է, որն ինձ ուրախություն է պարգևում»: Սմբատյանի բնորոշմամբ՝ «Խաչատրյանը և ջազը» նախագիծը պետք է ապրի փառատոնից դուրս և ներկայացվի նաև արտասահմանում։
Համերգի հյուրն է եղել գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան։ Համերգի վերջում ներկայացնելով իր տպավորությունները՝ Ռոդնինան նշել է. «Ուղղակի ցնցող էր։ Խաչատրյանի նման մեկնաբանությունը կարող է միայն ուրախություն պարգևել լսողներին»։
Խաչատրյանական փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնի անցկացմանն առաջկցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազա» հյուրանոցը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա