ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու 2016թ. պետական բյուջեին
Ազգային ժողովում ՀՀ 2016թ-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և հայտարարեց, որ ԲՀԿ-ն ցանկանում է հնարավորություն տալ կառավարությանը և կողմ է քվեարկելու 2016թ. պետական բյուջեին:
«Մենք ապրում ենք բավականին հետաքրքիր մի ժամանակաշրջան: Արտաքուստ թվում է, որ հանրապետությունում կան լրջագույն մարտահրավերներ, սպառնալիքներ և կարծում եմ, որ դա ճշմարտության մաս ունի, սակայն եթե մենք տոգորվենք, պարուրվենք բացասական սպասումներով, անընդհատ բացասականի մասին խոսենք, գնանք ժողովրդից ստանանք բացասական լիցքեր, մենք ընդհանրապես չենք կարող առաջ շարժվել»,- ասաց Մ.Մելքումյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ հատկապես Սահմանադրության հանրաքվեից հետո:
Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, Մ.Մելքումյանն ասաց, որ տնտեսական նման վիճակի համար օբյեկտիվ պատճառներ կան, որոնք պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության հետ: «Ֆինանսների նախարարությունը գլուխը կախ աշխատում է, և ինքը հասել է մաքսիմալ վարչարարության, եկեք արձանագրենք սա»,-ասաց պատգամավորը:
Սակայն, ըստ նրա, կառավարությունը լավ չի անում իր փիարը, պետական քարոզչամեքենան լուրջ գործ ունի անելու: «Արդեն հերիք է, որ բերեք շոուները ստեղից ցույց տաք: Մեկը մեկի վրա գոռաց, մեկը մի բան ասաց, մենակ ամբողջ օրը դա են խոսում: Եկեք լուրջ ճաշակ, լուրջ ոճ ձևավորենք, սա կարևոր բան է: Տնտեսական քաղաքականության փիարը նորմա՛լ արեք»,- նշեց Մ.Մելքումյանը:
Պատգամավորը ասաց նաև, որ բյուջեի նախագծում ընդունվել է ԲՀԿ-ի առաջարկների 70 տոկոսը: «ԲՀԿ-ն հավատարիմ է մնում իր ծրագրային դրույթներին և շանս է տալիս Կառավարությանը: Մենք կողմ ենք քվերակելու պետական բյուջեի նախագծին»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 9-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան