Ընդամենը 20 միլիոն տվեք, ես ավելի չեմ ուզում. Մուրադ Մուրադյանը ՝ ֆինանսների փոխնախարարին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն այսօր 2016թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին՝ ասաց, որ իր առաջարկությունների գրեթե 95 տոկոսը ֆինանսների նախարարությունը մերժել է:
«Եթե կասկածում եք, հրավիրում եմ, եկեք, տեսեք, թե ինչ վիճակում են դպրոցները: Անձրևների ժամանակ ինչ է կատարվում դպրոցներում ու մանկապարտեզներում: Եթե բաժանում եք գումարները, գոնե հավասար բաժանեք կամ էլ մերժելուց բոլորին մերժեք, որ ես վատ վիճակում չհայտնվեմ: Ի՞նչն է պատճառը, որ 95 տոկոսը մերժել եք: Ընդամենը 20 միլիոն տվեք, ես ավելի չեմ ուզում, դա դարդին դարման կանի»,- ասաց Մ. Մուրադյանը:
Պավել Սաֆարյանը նախ շնորհակալություն հայտնեց հրավերի համար, սակայն պատգամավորին առաջարկեց, որպեսզի հրավիրի ոչ թե իրեն, այլ իրավասու մարմիններին, քանի որ ինքը ոչ թե շինարարության, այլ ֆինանսների մասնագետ է:
«Եթե այնտեղ աղետալի վիճակ է, լավ կլինի, որ մասնագետներին հրավիրեք, որ Ձեզ հետ միասին նայեն ու առաջարկություն ներկայացնեն: Ես ուղղակի Ձեր զայրույթի պատճառը չեմ հասկանում: Քննարկումների ժամանակ բազմիցս ասել ենք, որ առաջարկությունները պետք է լինեն հնարավորությունների շրջանակներում: Դուք առաջարկե՞լ էիք երկրորդական ծախս կրճատել, թե ուղղակի լրացուցիչ գումար եք խնդրել: Ցանկացած պատգամավոր կարող է առաջարկություններ անել, հետո զայրանալ, թե ինչու չեն ընդունել»,- ասաց Պ.Սաֆարյանը:
Մուրադ Մուրադյանն էլ արձագանքեց. «Պարոն Սաֆարյան, ես 20 մլն-ից ավելի գումար չեմ ուզում»: Այունհետև պատգամավորը ներկայացրեց այն դպրոցների ցանկը, որոնց վերանորոգման համար մերժել են գումար հատկացնել .«Օրինակ՝ Արարատի մարզի Դարակերտ համայնքի դպրոցը վերանորոգված է, որոշ մասն է մնում և պետք է 20 մլն, բայց մերժել եք: Էդ գյուղում եմ ապրում, հասկանում եմ մերժումը»:
«Մենք հասկացել ենք, որ էդ գումարը Ձեզ չենք տալու, պարոն Մուրադյան, տալիս ենք դպրոցի վերանորոգմանը, այսինքն՝ ավելին ուզելու կամ չուզելու խնդիր չկա: Այդ գումարները առաջին հերթին չենք տրամադրել այն պատճառով, որ ասել եք՝ չկա նախահաշիվ: 20 մլն փող եք գրել, բայց նախահաշիվ կա՞, տեխնիկան առաջադրանք կա՞: Եթե ուզում եք իմանալ ինչու Ձեր առաջարկները չեն ընդունվել, ապա մանրամասն կբացատրեմ»,- եզրափակեց Պավել Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան