Աղվան Վարդանյանն առաջարկում է ձգել գոտիները
Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը, ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունենալով, ցավ հայտնեց, որ բյուջեի եզրափակիչ քննարկումներում կառավարությունը փոքրաթիվ է ներկայացված:
«Ես կարծում եմ այստեղ խորհրդարանը մտածելու բան ունի»,-ասաց Վարդանյանը:
Դաշնակացկան գործիչը հաջորդ տարվա բյուջեն որակեց որպես «համեստ ցուցանիշներով». «Որևէ դրական միտումներ, զարգացումներ չի նախատեսում»:
Նրա խոսքով, կառավարությանն ու պառլամենտին նախ և առաջ պետք է հետաքրքրի, թե նման բյուջեի համար ո՞ր մասն են կազմում աշխարհքաղաքական, տնտեսական օբյեկտիվ իրողությունները և ո՞ր մասը ներքին ռեսուրսներն արդյունավետ կառավարել չկարողանալու մասը:
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորս համակերպվում ենք, որ սա այն նվազագույն շեմն է, որից երկու ճանապարհ պետք է լինի: Մեկը՝ իսկապես, բոլորս ձգենք մեր գոտիները, աշխատենք այնպիսի արդյունավետությամբ, որ զարգացման կայոնւ հիմքեր ստեղծենք ստնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման համար, իսկ մյուս ճանապարհը՝ ձև անենք, թե դա ենք անում, յոլա գնալու, իշխանությունը շարունակելու մարտավարությամբ հանդես գանք»,-ասաց Վարդանյանը:
Պատգամավորը ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց, ասաց, որոշ ժամանակ է պետք, հասկանալու, արդյոք ունակ է կառավարությունը այս նվազագույն շեմից երկիրը որակական և արմատական փոփոխությունների տանող ճանապարհ ընտրել:
«Բայց որ սա պետք է լինի իշխանության խնդիրը, ակնհայտ է, որովհետև եթե մենք հաջորդ տարի ևս գալու ենք, ասենք, սա է, ուրիշ ճար չկա, ապա մենք կառավարման լուրջ ճգնաժամի խնդիր ունենք»,-ասաց նա:
Ելույթ ունեցողը հետաքրքրվեց, արդյոք բյուջեի եկամուտների նվազմանը զուգահեռ, նույն ժամանակաշրջանում, նույն համամասնությամբ նվազում են իշխանության ներկայացուցիրների, գործադիրի՝ բիզնեսով զբաղվող անդամների եկամուտները:
«Սա էլ կարծում եմ, հետևություն անելու առիթ պետք է տա: Նույնիսկ այս պայմաններում, արդյունավետ կառավարման ու բոլորի համար հավասար պայմանների ստեղծման պարագայում մենք կարող ենք հաջորդ տարի ունենալ այլ ցուցանիշներ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան