«Կյանքը ինչպես արվեստ»
Հայաստանի նկարիչների միությանում դեկտեմբերին 9-ին կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը` «Կյանքը ինչպես արվեստ» խորագրով: Ցուցադրությունը նվիրված է նկարչի ծննդյան 85 ամյակին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Սլավիկ Պարոնյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1955 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը՝ յուրացնելով կերպարվեստի մեծ վարպետների` Մ. Սարյանի, Հ. Զարդարյանի, Գ. Գյուրջյանի, Ա. Սարգսյանի ուսանելի դասերը: Մասնագիտական կարիերայի կայացման նշանակալի շրջադարձը պայմանավորվել է 1957 թ. Մոսկվայում կայացած գեղանկարիչների 6-րդ համաշխարհային երիտասարդական փառատոնին նրա մասնակցությամբ:
Ս. Պարոնյանն անցել է 60-ամյա ստեղծագործական աշխատանքի արգասաբեր և ուսանելի ճանապարհ: Ստեղծել է մեծաքանակ և բարձրարվեստ գեղարվեստական գործեր` առավելապես բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, որոնք գեղարվեստական բարձր արժեքների կրող են` հայկական բնաշխարհին բնորոշ գույներով, եթերային, անաղարտ երանգներով, առինքնող ձգողական ուժով: Բնությունը եղել է նրա ներշնչանքի, ոգևորումի և թռիչքի աղբյուրը, գեղեցիկին և կատարյալին հասնելու ուղեցույցը:
«Բնությունը աստվածային գեղեցկություն է: Այդ գեղեցկությունը ես վերցնում եմ իմ հոգու մեջ, խառնում, նոր իմ ընկալումով վերարտադրում եմ կտավի վրա»,- ասել էր նկարիչը:
Վաստակաշատ բնանկարչի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում (Երևան, Ստեփանակերտ, Մոսկվա, Սպոկան, Վալենս, Նյու Ջերսի և այլն)՝ արժանանալով տասնյակ մրցանակների, դիպլոմների ու պատվոգրերի: Բազմիցս ձևավորել է Հայաստանի տաղավարը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում:
Ս. Պարոնյանը շուրջ կես դար զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ իր մասնագիտական փորձառությունն ու հարուստ գիտելիքները փոխանցելով տասնյակ ու տասնյակ ապագա նկարիչների: Ոչ միայն գեղանկարչական արժեքավոր աշխատանքների, այլև մարդկային բարձր որակների շնորհիվ մշտապես վայելել է գործընկերների և ուսանողության սերն ու հարգանքը:
Ս. Պարոնյանը 2010 թվականից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր: 1956 թ. ՀԽՍՀ, իսկ 1960 թ.՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր: 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: 2012 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչման:
Սլավիկ Պարոնյանը մահացել է 2014 թ. ապրիլի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա