Արմեն Ամիրյանը մասնակցելու է ՀՀՌԽ անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Դրա պատճառների մասին Ամիրյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ,
1997 թվականից սկսած, իսկ շատերի հետ դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ:
Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ հիասթափության շրջաններ:
Շուրջ 19 տարի մենք ապրել ենք նաև ընտանիքի պես: Կարեկցել ու սատարել ենք միմյանց դժվարին պահերին, ուրախացել ու հրճվել ենք մեր զավակների, հարազատների, ընտանիքի անդամների հաջողություններով: Միշտ էլ գալիս է պահը, երբ ամեն սկիզբ իր ավարտն է ունենում:
Սիրելի գործընկերներ, ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձևաչափի մեջ:
Կուզեի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորիդ անհատապես շնորհակալություն հայտնել, սակայն հաշվի առնելով իմ հուզվող տեսակը, թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ թերևս չեմ հասցրել ասել Ձեզ:
Շնորհակալություն Ձեր մասնագիտական բարձր որակը և կարողությունները Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերում ներդնելու համար:
Շնորհակալություն Ձեր մարդկային բարի և գնահատող տեսակի համար, շնորհակալություն ունկնդրի հանդեպ Ձեր անկեղծության, անաչառության և նվիրումի համար:
Համոզված եմ, որ այսուհետև ևս շարունակելու եք Հայաստանի հանրային ռադիոյի ունկնդիրներին փոխանցել անաչառ լրատվություն, բացելու եք մեր մշակութային հարուստ գանձարանի դռները, առաջնորդելու եք մատաղ սերնդին, երիտասարդներին` նպատակներն ու ցանկություններն իրականացնելու գործում և շարունակելու եք բարության, գեղեցկության, հայրենասիրության ու հայրենապաշտության կենարար հունդերը սերմանել մեր ժողովրդի սրտերում ու հոգիներում:
Շնորհակալությամբ`
Ընդմիշտ Ձեր
Արմեն Ամիրյան»: