Սպիտակում բացվել է երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած զինվորներին նվիրված հուշարձան
Սպիտակ քաղաքում նախօրեին բացվել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորներին նվիրված հուշարձան: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Գրիգորի Փիրումովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, «Սպիտակի հուշարձան» ՀԿ-ի ղեկավար Նորայր Մուրադյանը, ով մասնակցել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
Խոսելով 1988-ի դեկտեմբերի 7-ի արհավիրքի մասին նախարար Հ. Պողոսյանը նշել է. «Որքան էլ Սպիտակի երկրաշարժից ժամանակ անցնի, մենք միշտ հիշելու ենք մեր անմեղ զոհերին: Միևնույն ժամանակ չենք կարող մոռանալ այն ձեռքերը, որոնք մեկնվեցին հայ ժողովրդին` օգնության ձևով: Այս հուշարձանի բացումը կարևոր իրադարձություն է, մեր շնորհակալությունը` սովետական զինվորներին»:
Իր խոսքում նախարարը նաև շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը` ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն, գործընթացի դժվարությունն իր ուսերին վերցնելու համար:
Նշենք, որ հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում` Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ և ֆինանսավորվել է Ռուսաստանի կողմից: Երեխայի հետ զինվորի բրոնզե քանդակը (բարձրությունը 3.5 մետր) ստեղծվել է ճարտարապետ Վադիմ Ֆրոլովի ղեկավարությամբ, քանդակագործն է Ալեքսանդր Միրոնովը, դիզայները` Սոֆյա Շլյոնկինան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան