Հակառակորդն այս փուլում լարվածությունն ամեն գնով պահելու խնդիր ունի՝ նույնիսկ կորուստների. Քաղաքագետ
«Իրավիճակն առաջնագծում, հատկապես ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերին բավականին լարված է»,-մեկնաբանելով սահմանային լարվածության մասին պարբերաբար տարածվող տեղեկությունները, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը հաղորդել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը և դեկտեմբերի 7-ին ու լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 /137 արկ/, 82 /209 արկ/, 120 /52 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /93 արկ/, ՌՊԳ-7 /11 արկ/ տիպի նռնականետերից, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից /42 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
Աբրահամյանը ևս նկատել է, որ հակառակորդի կողմից հրետանային միջոցների ու հրթիռային կայանքների կիրառումը սկսել է առավել հաճախակի բնույթ կրել: Քաղաքագետը Ադրբեջանի կողմից դրսևորվող վարքի 3 պատճառ է առանձնացնում.
«Առաջին, ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանը հատկապես ակտիվացավ այն օրերին, երբ Հայաստանում համապետական նշանակությամբ գործընթաց էր (հանրաքվե), նպատակը պարզ էր՝ փորձել երկրում լրացուցիչ լարվածություն և անկայունություն ստեղծել, ինչը ակնհայտորեն չստացվեց:
Երկրորդ, Ադրբեջանում վերջին շրջանում ներքին «չիստկաներ» էին իրականացվում՝անցանկալի էթնիկ, կրոնական խմբերի չեզոքացման ուղղությամբ, իսկ Ադրբեջանի իշխանությունները սահմանային սադրանքները որպես կանոն ներքին խժդժություններից շեղելու միջոց են դիտում:
Եվ երրորդ, Ադրբեջանի այս ակտիվությունը պետք է դիտել հերթական ակտիվացման շրջափուլի տրամաբանության մեջ, մանավանդ, որ հոկտեմբերի երկրորդ կեսերից մինչև նոյեմբերի կեսեր՝ պայմանավորված Ադրբեջանում խորհրդարանական ընտրությանների անցկացմամբ, առաջնագծում Ադրբեջանը էական աշխուժություն չէր դրսևորել», -ներկայացրեց քաղաքագետը:
Մեր հարցին, թե ԼՂՀ ՊՆ-ն բազմիցս հայտարարում է, որ «պատժիչ գործողություններ» են իրականացվում, ինչո՞ւ չի սսկվում հակառակորդը և ի՞նչ պետք է անել այդ պարագայում, Աբրահամյանն ի պատասխան ասաց. «Հակառակորդն այս փուլում լարվածությունն ամեն գնով պահելու խնդիր ունի՝ նույնիսկ կորուստների գնով, ինչը նշանակում է, որ ինչ-որ ժամանակահատված սադրանքների վտանգը պահպանվելու է»:
Հետաքրքրվեցինք, նաև թե ի՞նչ ակնկալիքներ ունի քաղաքագետը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից և արդյոք սպասո՞ւմ է որևէ տեղաշարժ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անկեղծ ասած լուրջ ակնկալիքներ չունեմ, որովհետև կողմերի միջև չի ձևավորվել վստահության այնպիսի մակարդակ, ինչը թույլ կտա գործընթացում առաջ շարժվել: Այնուամենայնիվ, այս փուլում, նախագահների մակարդակով հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ իրավիճակի լիցքաթափման վրա»: